News.am-ը գրում է.

Այսօր բանակում շատ լուրջ բարեփոխումներ կան, որոնք տեսանելի չեն եւ պետք է տեսանելի չլինեն: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Հասարակության համար մի շարք կարեւորագույն բարեփոխումներ եւ ձեռքբերումներ տեսանելի չեն եւ մոտ ապագայում տեսանելի չեն էլ լինելու, բայց հավատացեք, որ դրանք շատ ակտիվ ընթանում են, աննախադեպ բարեփոխումներ են: Երբեւէ մեր բանակում նման փոփոխություններ չեն եղել: Անգամ տասնամյակների համեմատությամբ չենք կարող համեմատել այն, ինչը կատարվել է 1-1,5 տարվա ընթացքում: Պետք էլ չի խոսել այդ մասին, բանակն այն ոլորտն է, որտեղ ինչքան փակ ու գաղտնի, այնքան լավ»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ այսօր բանակին պետք են բազային կրթությամբ որակյալ սպաներ. «Մենք գիտենք, որ 2015-2016 թվականներից մեր սպայական կազմի համալրման պրոցեսը բավականին խեղաթյուրված է եղել: Այսօր բանակում մշակույթ մտցնողը հենց սպաներն են, որոնք պետք է այդ խնդիրները լուծեն: Եթե մենք չունենք լավ սպայական կազմ, բավականին դժվար է լինելու այդ խնդիրները լուծելը: Այսօր մեր ռազմական համալսարանը պատրաստում է  բավականին բարձրորակ սպաներ, բայց դա առնվազն 4 տարի է պահանջում: Երբ այդ սերունդը մտնի բանակ, իրավիճակը բավականին կփոխվի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել