Բաքվի գաղտնի ցանկությունները. Ադրբեջանի ԱԳՆ-ն փափագում է, որ Ղարաբաղ այցելողները ներողություն խնդրենPanarmenian.net-ը գրում է.

Ադրբեջանական «Սև ցուցակ» կոչվող խեղկատակության վերջը չի երևում: Այս անգամ «նշանառության տակ է» հայտնվել գերմանական պատվիրակությունը Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի գլխավորությամբ: Ի դեպ, Ստեփանակերտ այցելության ժամանակ Կլիմկեն հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, վերջինս հայտարարել է, որ Ղարաբաղը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Գերմանիայի հետ՝ դրա համար կան բոլոր նախադրյալները: Այցից հետո սկսվեց ադրբեջանցիների արդեն ավանդական դարձած հիստերիան: Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը սկսեց «հետաքննել» Ղարաբաղ գերմանական պատվիրակության այցելության մասին տեղեկությունները և մտադիր է բողոքով դիմել «համապատասխան մարմիններին»:

Արդեն Երևանում Յուրգեն Կլիմկեն մեկնաբանել է ադրբեջանական «սև ցուցակի» հետ կապված պատմությունը: «Նա, ով վախեցնում է մարդկանց «սև ցուցակում» հայտնվելով կամ նրանով, որ նրան թույլ չեն տա մուտք գործել երկիր, վնասում է միայն ինքն իրեն»:

Եթե բոլորն արդեն ընտելացել են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պարբերաբար համալրում է իր ցուցակը նոր անուններով, և լուրջ չեն ընդունում, ապա ադրբեջանական ԱԳՆ վերջին հայտարարությունը անհասանելի բարձրության հասցրեց Ադրբեջանի ղեկավարության քաղաքական հիմարությունը:

Պարզվեց, որ Ադրբեջանի ղեկավարությանն ու ԱԳՆ-ին են դիմում «սև ցուցակում» ընդգրկված որոշ անձինք՝ խնդրելով չեղյալ համարել այդ որոշումը»: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: Ըստ նրա, Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է քննարկել նման դիմումները: Ավելին, հավելել է նա, իրենց հայտարարություններում այդ մարդիկ հայտնում են, որ «նրանց խաբեությամբ են Ղարաբաղ տարել»: Շատ հետաքրքիր կլիներ մանրամասներն իմանալ: «Իրենց դիմումներում նրանք ափսոսանք են հայտնում այցի վերաբերյալ, նշում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խնդրում են հանել իրենց ազգանուններն այդ ցուցակից»,-ասել է Աբդուլլաևը:

Աբդուլլաևը հույս է հայտնել, որ եթե այդ անձանց անունները հանվեն «սև ցուցակից», նրանք այլևս «երբեք չեն այցելի Ղարաբաղ, հակառակ դեպքում ադրբեջանական կողմը կարող է ավելի լուրջ միջոցների դիմել միջազգային իրավունքի համաձայն, ընդհուպ մինչև ձերբակալություն՝ պետական սահմանը խախտելու համար»:

Ինչպես արդեն գրել ենք օգոստոսի սկզբում, երբ «սև ցուցակը» նոր էր հրապարակվել, իր անուններն այնտեղ գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը, ով այնտեղ եղել էր միայն մեկ անգամ, որոշեց կրկին այցելել Արցախ: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

Հիմա էլ պարզվում է, որ Ադրբեջանը պատրաստ է «մեծահոգաբար ներել» Ղարաբաղ այցելողներին, եթե վերջիններս ափսոսանք հայտնեն ու ներողություն խնդրեն: Սա ուղղակի պետական մակարդակով մի յուրահատուկ այլասերում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել