Panorama.am-ը գրում է.
Խաչվերաց տոնի կապակցությամբ, սեպտեմբերի 15-ին գյուղմթերքների շուկաները չեն գործի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` հավելելով, որ ընդառաջելով գյուղացիների խնդրանքին, շուկան չի գործի միայն կիրակի օրը, իսկ շաբաթ օրը կգործի:
Նշենք, որ նախորդ տարի գյուղմթերքների առաջին շուկան Երևանում գործում էր Արաբկիր վարչական կենտրոնում՝ Կասյան փողոցին հարող հրապարակում: Այս տարի Երևանի կենտրոնում բացվեց երկրորդը` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ:
Ռ.Մակարյանի խոսքերով` Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում ևս բացեն գյուղմթերքների շուկաներ:
Ըստ փոխնախարարի` շուկաներում ընդհանուր առմամբ օրական վաճառվում է 60-70 տոննա գյուղմթերք, բացի այդ, գյուղատնտեսական շուկա օրական այցելել է 5 հազարից ավելի մարդ: Երկու շուկաներում իրենց գյուղարտադրանքն են վաճառում 250-300 գյուղացիական տնտեսություն Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերից:
Մեր այն դիտարկմանը, թե շուկայում վաճառվող մթերքի գները ոչնչով չեն զիջում վերավաճառողների առաջարկած գներից, Ռ. Մակարյանը նշեց, որ նախարարությունը գնի հարցում որևէ լծակ չունի ազդելու, պարզապես քաղաքացիները պետք է կարողանան սակարկել: «Մի կարևոր հանգամանք էլ կա. կշեռքները տրամադրվում է գյուղնախարարության կողմից, դրանք ստուգաչափված են և քաշի հարցում խաբելու հավանականություն չկա, իսկ գյուղացիները շատ դեպքերում ավելի շատ ապրանք են տալիս, քան նրանց վճարում են: Այդուհանդերձ, օրական 5-6 հազար այցելուն նշանակում է, որ մթերքները գնային առումով հասանելի են»,- ասաց փոխնախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ