Tert.am-ը գրում է.

Համացանցում մեկ շաբաթ առաջ տարածվել էր տեսանյութ, որտեղ պատկերված էր, թե ինչպես էին արտասահմանցի զբոսաշրջիկները բեզոարյան այծի որս կատարում: Կենդանին գրանցված է Կարմիր գրքում և նրա որսն օրենքով չի թույլատրվում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրել էր, որ իրենք այդ մասին հաղորդում են տվել Ոստիկանություն հանցագործության վերաբերյալ և խնդրել, որ համապատասխան վարույթ իրականացվի:


«Արմատ» ակումբում լրագրող Գալուստ Նանյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը ներկայացրին իրենց տեսակետը համացանցում տարածված տեսանյութի և նրա շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ: Բանախոսներին նախ տարօրինակ է թվացել, թե ինչու է 2009թ-ին արված տեսագրությունը միայն չորս տարի անց հայտնվել համացանցում և 7 օր անց հանվել: Սիլվա Ադամյանի կարծիքով արհեստականորեն փորձ է արվել աղմուկ բարձրացնել կատարվածի շուրջ և այդպիսով մարդկանց ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր խնդիրներից:


«Նախարարությունն ասել է, որ գործն ուղարկվել է Ոստիկանություն քննության, բայց նույն նախարարությունը չի նստում և չի նայում իր իսկ 2004թ-ին ընդունած որոշումը,- նկատեց Գալուստ Նանյանը։- Այդ որոշման մեջ պարզ նշված է՝ թույլատրել ընկերությանը 5 բեզոարյան այծի, 5 հայկական մուֆլոնի, 2 հատ գորշ արջի որս: Որոշման մեջ չի ասվում, թե ընկերությունը դա մեկ տարվա մեջ է իրականացնելու, հիսու՞ն տարում, թե յուրաքանչյուր տարի: Գրված է. իրենք իրավունք ունեն էդքան թվով որս կատարել»:


«Սաֆարի Ինթերնեյշնլ» հայ-իտալական ձեռնարկությունը տարածել է հաղորդագրություն վերջին օրերին համացանցում տարածված որսի մասին պատմող տեսանյութի մասին: Այնտեղ մասնավորապես նշված է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և Սյունիքի մարզի պետական անտառային ֆոնդի տարածքներն օգտագործելու մասին ՀՀ կառավարության 2004թ-ի հունիսի 10-ի թիվ 894 N որոշմամբ «Սաֆարի Ինթերնեյշնլ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին թույլատրվել է Վայոց ձորի մարզի համայնքներին վարչական սահմաններից դուրս գտնվող և ընկերությանն հանձնված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական որս: Վերոհիշյալ որոշման մեջ ամրագրված է նաև համապատասխան կենդանատեսակների որսի թույլտվությունը: Այս իրավական ակտերի հիման վրա էլ ՍՊԸ-ն ծավալել է իր գործունեությունը, որի մասին տեսանյութը տարածել են համացանցում:


Ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են խնդրով շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ներկայացնել իրենց գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի ողջ փաթեթը:


Լրագրող-էկոլոգ Գալուստ Նանյանը տեղեկացրեց, որ 2004թ-ին, երբ ստեղծվել է «Սաֆարի Ինթերնեյշնլ» ընկերությունը՝ պետությունը մասնավորի հետ ընդունում հանձնում է կատարել կենդանատեսակների հետ կապված: 2 850 հա տարածքի վրա 2004թ-ին հաշվվել է ընդամենը 5 հատ բեզոարյան այծ, 7-8 հատ վայրի վարազ և 2-3 հատ գորշ արջ: 2004թ-ից մինչև 2010թ-ը, երբ պետությունը տարածքը հանձնել է մասնավորին սաֆարի կազմակերպելու համար, բեզոարյան այծերի թիվը հասել է 450-ի, արջը՝ 50-60-ի, իսկ վարազները՝250-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել