1in.am-ը գրում է.

Երբ Հայաստանը բանակցում է Եվրամիության Ասոցացման համաձայնագրի շուրջ, և դրա բովանդակությունը գաղտնի է պահվում, իշխանությունը հղում է անում միջազգային բանակցային պրակտիկային՝ փաստաթղթերը գաղտնի են մինչև համաձայնությունը: Երբ Հայաստանը, հղում անելով ինչ-որ պայմանների, գաղտնի է պահում Մաքսային միության վերաբերյալ բանակցությունը, դա ևս ինչ-որ տեղ կարող է վերագրվել սույն պրակտիկային: Սակայն երբ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթաց են նախաձեռնում առանց հասարակության հետ քննարկելու, թե հատկապես որն է նման անհրաժեշտության պատճառը, այս դեպքում արդեն միջազգային պրակտիկայով բացատրելու հիմքեր, մեղմ ասած, չկան: 
Սակայն կա տարօրինակ, գրեթե աբսուրդային մի իրավիճակ՝ սկսվել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց, ստեղծվել է դրա համար նախատեսված մասնագիտական հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի հրամանով, սակայն ոչ ոք չգիտի, թե հատկապես ինչը փոխելու համար է ստեղծվել այս գործընթացը: Հասարակությունն, իհարկե, իր կռահումներն է անում, մամուլում տեղեկատվական արտահոսքեր, մեկնաբանություններ և վերլուծություններ են լինում, սակայն մենք գործ ունենք պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության հետ, որի հետ կատակ չեն անում, որը պարապ ժամանակի խաղալիք չէ, որ երբ իշխանությունները զբաղվելու կամ հասարակությանը զբաղեցնելու այլ բան չունենան, որոշեն փոխել Սահմանադրությունը: Մինչդեռ այսօր կարծես հենց նման վիճակ է: Այսինքն՝ մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի և եզրակացնի, թե Սահմանադրության մեջ ինչն է պետք փոխել: 
Նման բան Սահմանադրության հանդեպ հնարավոր է երևի թե միայն պատասխանատվության ինստիտուտի լիակատար բացակայությամբ երկրներում, որտեղ իշխանությունների ձեռքի խաղալիքն է ամեն ինչ: Ինչո՞վ է իշխանություններին խանգարում ներկայիս Սահմանադրությունը, ի՞նչ թույլ չի տալիս անել: Սահմանադրական փոփոխություններից առաջ տրամաբանական կլիներ հանրայնորեն քննարկել այս հարցերը և հետո միայն խնդիրը լուծելու միջոց փոփոխությունների գործընթացը նախաձեռնել: 
Այսինքն՝ նախ պետք է պարզ լինի, թե ինչով է Սահմանադրությունը խանգարում հասարակական-պետական կյանքի հետագա կազմակերպմանը, երկրի հետագա արդյունավետ կառավարմանը և զարգացմանը: Երբ պարզ լինի, թե ինչով է խանգարում, այդ ժամանակ էլ պետք է քննարկվի՝ ինչպես փոխել, ինչը փոխել, ինչը հանել կամ ավելացնել: Երբ այս ամենը չկա, տեղի է ունենում այն, ինչ 2005 թվականին, երբ Սահմանադրությունը բարեփոխվեց իբր, երբ դատարկ ընտրատեղամասերում նկարվեց հանրային քվեարկություն, և ունեցանք գրեթե 80 տոկոսով փոխված Սահմանադրություն: 
Սակայն դրանից Հայաստանում ոչ Սահմանադրության հանդեպ հասարակական հարգանքը ավելացավ, ոչ Սահմանադրությունը սկսեցին ավելի շատ հարգել իշխանությունները և ոչ էլ ամենակարևորը՝ իշխանության ձևավորման մեխանիզմն ու երկրի կառավարման գործընթացը դարձան ավելի սահմանադրական: Որովհետև այդ փոփոխությունները տեղի ունեցան ոչ թե երկրի, այլ բացառապես իշխանության ներքին պահանջներից ելնելով: 
Եվ այսօր էլ Սահմանադրության փոփոխությունները բխում են իշխանական համակարգի ներքին պահանջներից, հետևաբար հերթական փոփոխությունները որևէ բանով չեն նպաստելու երկրի զարգացմանը: Արդյունքը լինելու է այն, որ հերթական անգամ Սահմանադրությունը ենթակա է լինելու ներիշխանական և ներքաղաքական զարգացումներին՝ հակառակը լինելու փոխարեն, երբ իշխանությունն ու քաղաքականությունը պետք է ենթակա լինեն Սահմանադրության պահանջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել