Hetq.am-ը գրում է.

Պրն Ալումյան, մեր օրենսդրությունը նախաքննական մարմնին գործելու լայն իրավասություն է տվել, բայցեւայնպես անըմբռնելի է, թե ինչու՞ մեղադրանք առաջադրելու դեպքում անձին դատարանում պաշտպանվելու իրավունք պետք է տրվի, իսկ արդարացնելը կարող է նաեւ քննիչի ու դատախազի մակարդակով էլ արվել, անըմբռնելի է նախաքննական մարմնին դատարանի լիազորություններով օժտելը:

Մեր օրենսդրությունը լուրջ բաց ունի, եթե մեղադրանքի կողմը որոշում է հանդես գալ մեղադրյալի օգտին, եթե դատախազությունը որոշում է օգնել մեղադրյալին, ապա տուժողի համար արդարադատությունն ավարտվում է դատախազության մակարդակով, ինչը ունենք Բուդաղյանների դեպքում: Տուժող կողմի համար դատարան գոյություն չունի որպես այդպիսին: Ճիշտ է, այս դեպքում ձեւականորեն դատարան գոյություն ունի. տուժողը քննիչի որոշումը կարող է բողոքարկել դատախազին, մերժում ստանալուց հետո` բողոքարկել դատարան:

Թվում է, թե դատարան կա տուժողի համար, բայց իրականում դատավարություն գոյություն չունի, որովհետեւ դատարանը չի կարող իրականացնել գործողություններ, որոնք միտված կլինեն գործի հանգամանքները պարզելուն: Այս դեպքում դատարանը քննիչի գործողությունների օրինականության հիմնավորվածությունն է ստուգում, ընդ որում՝ այն նյութերի հիման վրա, որոնք կան գործում, իսկ եթե քննիչը մի շարք հանգամանքներ կարող էր պարզել, բայց չի պարզել, դատարանը չի կարող սեփական նախաձեռնությամբ պարզաբանել:

Նույնիսկ եթե դատարանը համոզվում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը պետք է վերանայվի, դատարանը նրանց կրկին մեղավոր չի ճանաչելու:  Դատախազը եթե բարեխիղճ գտնվի, գործի քննությունը կվերսկսի, բայց կարող են կրկնել նույն սխալը, ու սա կարող է շրջապտույտի վերածվել: Հակառակ դեպքում քննությունը կհայտարարվի ավարտված, եւ այն քայլերը, որոնք մենք ունենք դատարանում, ըստ էության ոչինչ չեն տա, եթե դատախազը շարունակում է համառել:

Այդ մտահոգությունը կար դեռեւս այն ժամանակ, երբ ընդունվում էր Քրեական դատավարության օրենսգիրքը: Իրավաբաններից ոմանք ասում էին, որ տուժողի համար արդարադատությունն ավարտվելու է դատախազության մակարդակով, ընդդիմախոսներն էլ կարծիք էին հայտնում, որ տուժողը միշտ էլ դժգոհ է լինելու, եւ դա չի կարող օրենսգրքի որոշ հոդվածներ վերանայելու հիմք հանդիսանալ: Բուդաղյանների, դրան նախորդած Լեւոն Գուլյանի եւ էլի շատ գործերի պատմությունները, կարծում եմ, պետք է հարկադրեն վերանայելու օրենսդրությունը ոչ միայն այս անպաշտպանվածության դեմն առնելու, այլեւ երկրում արդարադատությունը չարժեզրկելու համար:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը որոշ չափով այս խնդիրը կարգավորում է, այնտեղ եթե մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, ապա տուժող կողմն իր վրա է վերցնում մեղադրողի լիազորությունները եւ ինքն է մեղադրում դատարանում: Ապացույցների ձեռք բերումն ու հետազոտումը շարունակվելու է դատարանում, որպեսզի դա ճակատագրական չդառնա տուժող կողմի համար: Խելամիտ կարգավորումը հետեւյալն է. եթե դատախազությունն ինքը հրաժարվում է մեղադրողի գործառույթից, բայց տուժող կողմը համաձայն չէ, պնդում է, որ կա հանցակազմ, տուժողը պետք է կարողանա ինքը մեղադրողի կարգավիճակում հանդես գալ, եւ գործը, բոլոր դեպքերում, պետք է գնա դատարան:

Ցավոք, ներկայիս գործող օրենքն այդ կարգավորումը չունի: Ճիշտ է, արդար դատաքննության իրավունքը վերաբերում է տուժող կողմին, բայց Եվրոպական կոնվենցիային համապատասխան նաեւ պետությունն է կրում պարտավորություններ՝ ապահովելու պատշաճ որակի, բազմակողմանի քննություն, եթե անձը զրկվել է կյանքից: Տուժող կողմը պետք է ակտիվ դերում լինի, կախված չլինի մեղադրողի կամ դատախազի հայեցողությունից: Պետությունը լուրջ խնդիրներ ունի օրենքի հետ կապված:

Ես կարծում եմ, որ եթե այս գործը ներպետական ատյաններում օրինական ընթացք չստանա, ապա Եվրոպական դատարանում լուրջ խախտումներ կարձանագրվեն: Թեեւ կարծում եմ՝ մեր դեպքում գործը Եվրոպական դատարան չի հասնի: Բուդաղյաններն այսօր հնարավորություն ունեն պայքարելու փաստաբանի միջոցով, եւ լրատվամիջոցներն ու հասարակությունը բավականին ակտիվ են այս դեպքում, դա է մեզ մոտ ստեղծում համոզմունք, որ գործն օրինական լուծում կստանա այստեղ, բայց եթե Բուդաղյանների փոխարեն ավելի անպաշտպան անձ լիներ, այս պահից սկսած շանսեր չէր ունենալու:

Ենթադրում եմոր Դուք գործին ամբողջությամբ չեք ծանոթացելտրամաբանակա՞ն էմինչեւ քրեական գործի քննությունն ավարտելը, գործի վերաբերյալ կողմերի կարծիքներնու ասելիքը լսելն ու ամբողջացնելը կարեւոր որոշումներ ընդունել, ինչպես արվեց այս դեպքում՝ սպանություն իրականացնողներին ազատ արձակելով: 

Գործի նյութերն ինձ չեն տրամադրել, որովհետեւ նախաքննությունը չի ավարտվել: Գործի նյութերն ինձ չտրամադրելը լրջորեն սահմանափակում է որոշումները բողոքարկելու հնարավորությունը, հնարավոր չէ իրավական դաշտում վիճել քննիչի հետ, եթե նա գործի բոլոր նյութերն ունի, իսկ դու՝ ոչ, դու ունես միայն փորձագետների եզրակացությունը եւ քո վստահորդների ցուցմունքները: Սա հավասար պայքար չի լինի, նրանք ձգձգում են գործի նյութերի տրամադրումը, «ոչ» չեն ասել, բայց ասուլիսներ են տալիս:

Այն մասին, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Իրենց տարածած հաղորդագրությունից 12 ժամ հետո են ինձ որոշման օրինակները տրամադրվել: Իմ կարծիքով, այս ամբողջը մի ընդհանուր պրոբլեմի հերթական դրսեւորումն է, իսկ ընդհանուր պրոբլեմն այն է, որ դատախազությունն այս գործով հանդես է գալիս որպես Խաչատրյանների պաշտպան: Նախաքննությունն իրենք երեւի ավարտված են համարում, բայց ես այդպես չեմ համարում: Այս գործի նախաքննությունը դեռ երկար է տեւելու եւ, հավատացնում եմ, որ այս գործով լինելու է դատավարություն, ինչքան էլ նրանք չեն ուզում: Ռուբեն Սահակյանի հետ բանավեճը լինելու է, եւ դա լինելու է դատարանում:

Նախաքննական մարմիննիրո՞քբոլոր գործողություններն ավարտել էր, հնարավոր չէ՞, որ քննչական նոր գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն ծագեր: Հապշտապ չէ՞ր սպանություն կատարողներին ազատ արձակելու նրանց որոշումը:

Գործի ընթացքից կարող եմ ասել, որ գործողություններն ավարտված չեն: Տարածված տեսանյութի մեջ կա կրակոց, որը հարվածում է ասֆալտին եւ թռչում է վերեւ, այդ կադրի հետքը մինչեւ հիմա չեն գտել, 3 հետք նման էր, սակայն փորձագետն ասաց, որ դա հետք չի: Դա եթե հետք չի, ուրեմն կարելի է փնտրել եւ գտնել այդ կրակոցի հետքը: Այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, Էմիլ Բուդաղյանը մի շատ կարեւոր հանգամանք նշեց Ավետիքի հետ կապված, թե նա ինչպես է տանը ներկայացրել դեպքը, ինչպես է ներկայացրել Ս. Խաչատրյանի մեքենայի մեջ տեղի ունեցածը:

Այդ ցուցմունքը կարող էր ստուգվել Ավետիք Բուդաղյանի կնոջ միջոցով: Այսինքն, Ա. Բուդաղյանի կինն ուներ տեղեկություններ, որովհետեւ նա կնոջը որոշ բաներ ասել էր դեպքի հետ կապված: Էմիլ Բուդաղյանն ասաց, որ կնոջը որոշ բաներ պատմել է, բայց չհարցաքննեցին կնոջը: Արտակ Բուդաղյանը դեռ պետք է առերեսվեր մի քանիսի հետ, մի օր 5 ժամ քննչական գործողություններ կատարվեցին, մեկի հետ առերեսեցին, նա ջերմություն ուներ եւ ասաց, որ այս վիճակում չի ուզում առերեսվել, դրանից հետո այլեւս առերեսում չարվեց: Այնինչ, մեղադրյալների ցուցմունքները հակասում էին Ա. Բուդաղյանի ցուցմունքներին, որի դեպքում առերեսումն անհրաժեշտություն է: Գործին երբ ամբողջական ծանոթանամ, կարող եմ ասել, թե էլ ինչ պետք է անեին, որ չեն արել:

Նախաքննությունը պարզե՞լ է գործի նախապատմոթյունըորտեղի՞ց է սկիզբ առել այս ամենը, եւ ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ ողբերգական դեպքը: Արդյոք միայնդեպքի  տեսագրությունը բավարա՞ր է կատարվածին գնահատական տալու համար: 

Նախաքննությունը պարտակել է իրական պատմությունը, բայց մենք պարզել ենք: Սուրիկ Խաչատրյանն այնքան է համոզել Ավետիքին, որ նա անհարմար է զգացել ու նստել է նրա մեքենան: Ավետիքին իջեցրել են Գորիսի մատույցներում, եւ մեքենայի ընթացքը այդ օբկյեկտից մինչեւ Գորիսի մատույցներ տեւել է մի քանի րոպե: Ստացվում է, որ նստեցնելուց հետո միանգամից վեճը ստեղծել են ու խփել Ավետիքին: Քննիչը որոշման մեջ նշել է, որ Սուրիկ Խաչատրյանն այդ մեքենայի մեջ քնած է եղել, վեճն առաջացել է նրա թիկնապահ Զարզանդի ու Ավետիքի միջեւ, Զարզանդն Ավետիքին խփել է, իսկ Ս. Խաչատրյանն այդ ընթացքում քնած է եղել: Ճանապարհին մեքենան կանգնել է, Ավետիքին իջեցրել են, իսկ Սուրիկ Խաչատրյանը չի արթնացել:

Ես համոզված եմ, որ այս գործը դատարան գնալու է, եւ ճշմարտությունը բացահայտվելու է, ես դրանում վստահ եմ: Հույս ունեմ, որ եթե հետո ապացուցենք, որ այստեղ իրականում կատարվածը սպանություն է, չէ՞ որ դա պարզվելու է, այդ ժամանակ կպարզվի, որ իրականում այսօր գործ ունենք պարտակման հետ: Այսինքն՝ քննչական մարմինը եւ դատախազությունն առանձնապես ծանր հանցագործություն են պարտակել: Ես հույս ունեմ, որ պարտակողներն էլ են քրեական պատասխանատվության ենթարկվելու, ու ես ամեն ինչ կանեմ այդ ուղղությամբ, որ հաջողության հասնեմ:

Հիմա դուք ու՞մ եք ներկայացնում այս գործովմեղադրյալնե՞ր Բուդաղյաններինթե՞տուժող ԲուդաղյաններինՏուժող Ավետիք Բուդաղյանին հետմահու ամենածանրհոդվածներն են առաջադրվածինչպիսի՞ն է լինելու այս գործի շարունակությունը:

Մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանն եմ, տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ներկայացուցիչը: Հիմա ասում են, որ Ավետիք Բուդաղյանը Քրեական օրենսգրքի 104 հոդվածով (սպանության փորձ) եւ 112 հոդվածով (ծանր մարմնական վնասվածք հասցնել) նախատեսված հանցագործություններ է կատարել, սակայն քրեական հետապնդում չի իրականացվում, որովհետեւ նա մահացած է:

Ձեր կարծիքով, ինչու՞ այդ ամենը չեն ցանկանում հիմնավորել դատարանում, ինչու՞ են այս գործով «ասուլիսային արդարադատություն» իրականացնում:

Զինդատախազությունն այդպես որոշեց, ցանկացան հասարակական կարծիքը քիչ-քիչ նախապատրաստել այն որոշմանը, որը կայացրին: Մի քանի օր նրանց պետք էր հասկանալու համար, թե ինչպես պետք է կոծկեն այս գործը, կողմնորոշվեն, հրահանգներ ստանան: Սա կազմակերպված գործողություն էր, սկզբում դեպքի խեղաթյուրված տեսաերիզը տարածեցին, մի օր հետո էլ հայտարարություն արեցին:

Դատախազությունն ընդհանրապես նման լիազորություն չուներ, բայց իր գործողություններով դրեց այն հիմքը, թե որ ուղղությամբ պետք է ընթանար նախաքննությունը: Զինդատախազն իր ելույթի ժամանակ չուներ այն ապացույցները, որոնք այսօր դրված են քննիչի կայացրած որոշման հիմքում, ինչպե՞ս եղավ, որ վերջում այդպես ստացվեց: Մեզ բոլորիս քիչ-քիչ նախապատրաստեց այդ մտքին, որ այս գործով պետք է այսպիսի որոշում կայացվի:

Նրանց համար միակ խոչընդոտը հասարակական կարծիքն է, այդ էր պատճառը, որ նրանց ձերբակալեցին, իսկ հետո քիչ-քիչ նախապատրաստեցին այս որոշմանը: Սակայն, նրանց սպասվում են մի քանի անակնկալներ, որոնք հազիվ թե նրանց մեծ բավականություն պատճառեն: Հավատացնում եմ, որ այս գործն այստեղ է լուծվելու եւ օրինական լուծում է ստանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել