1in.am-ը գրում է.

Սիրիայում չափավոր ընդդիմությունը հայտարարել է, թե տեղեկություններ ունի այն մասին, որ ծայրահեղականները պատրաստվում են պայթեցնել երկրի 2 խոշոր ամբարտակները, ինչը կարող է աղետի հանգեցնել: Այս մասին հայտնել է ազգային կոորդինացիոն հանձնաժողովի ներկայացուցիչ Մոնզեր Հադամը:

Նրա խոսքերով՝ «Ալ-Քայիդայի» հետ կապված «Ֆրոնտ ան-Նուսրա» և «Իրաքի Իսլամական Հանրապետության և Լևանտի» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները ծրագրում են դիվերսիա իրականացնել «Էս-Սաուրա» և «Էլ-Բաաս» ամբարտակների հետ կապված, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսային Ռաքքա գավառում՝ Եփրատ գետի վրա, հաղորդում է Ria Novosti-ն:

«Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ գրոհայինները պատրաստվում են պայթեցնել ամբարտակները կառավարական զորքի՝ Հալեպի դիրքերի վրա գրոհելու հետ միաժամանակ, որին նրանք ևս պատրաստվում են»,- ասել է Հադամը:

Այս տեղեկությունը դեռևս պետք է ստուգել, սակայն եթե այն ճիշտ լինի, և գրոհայիններն իրականացնեն իրենց մտածածը, ապա «այնպիսի զանգվածային աղետ տեղի կունենա, ինչպիսին աշխարհը դեռևս չի տեսել»,- հավելել է Հադամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել