Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:
Ամենասարսափելին այն է, որ նա չի գիտակցում իր քաղաքականության աղետալի հետևանքներն ու դրանց երկարատև, ողբերգական ազդեցությունը հայ ժողովրդի և Հայաստան պետության ճակատագրի վրա:
Թե ինչպես են նախորդ նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը կարողացել ազատագրել, ձևավորել, զարգացրել ու հմտորեն առաջ տարել Արցախի Հանրապետության փաստացի կայացման, անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ամրագրման հարցերը՝ թողնենք մի կողմ: Այդ մասին շատ է խոսվել և բոլոր նորմալ, գիտակից մարդիկ դա լավ հասկանում են:
Նիկոլի երեկվա հարցազրույցից հետո, ես ավելի ու ավելի շատ եմ վախենում Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Այդ մարդը զրո պատկերացումներ ունի հայոց պետականության գոյաբանական էության և աշխարհաքաղաքական արդի զարգացումների բովանդակության մասին:
1. Ասում է, “մեզ պետք է մեղադրեն, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցի հայանպաստ լուծման անհնարինության մասին”: Եթե դուք լինեիք հայանպաստ իշխանություն, ամեն ինչ անեիք ճիշտ այնպես, ինչպես բանակցային տրամաբանությունն էր և չլինեիք դավադիր քաղաքականության կրողներ՝ հայանպաստ լուծումներն արդեն կարող էին իրականություն դարձած լիներ: 2018թ.-ից սկսած, ամեն օր զգուշացնում էինք ձեր կոպիտ ու աններելի սխալների մասին: Իսկ եթե չէիք կարողանում, կամ ձեզ իշխանության բերողներն այլ բան էին պարտադրում՝ բարի լինեիք ժամանակին խոսել ժողովրդի հետ և հրաժարական տալով փրկեիք Հայաստանն ու Արցախը՝ վերահաս ողբերգություններից: Մի՞թե աթոռն ու պարգևավճարներն ավելի կարևոր էին, քան պետության շահերը:
2. Ասում է, “Բանկցային պրոցեսը քանդելու և նորը կառուցելու արանքում առաջանալու էր վակում և անկանխատեսելի պրոցեսներ”: Իսկ ու՞մ համար չէր պարզ, որ այդպես է: ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, մինչ 2018թ. բազմաթիվ անգամներ հայտարավել է, որ խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Դա իմանալով հանդերձ, ինչու՞ միտումնավոր գնացիր պատերազմի ճանապարհով. որպեսզի քեզ չասե՞ն դավաճան: Իսկ համոզված չե՞ս, որ միևնույն է ասելու են, և հիմա առավել ևս՝ պատության մեջ մնալու ես այդպիսին:
3. Ասում է, “2018թ. մեր ժառանգած բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ ինստիտուտների լուծարման գործընթացը սկսված էր”: Սա նոր սուտ է: Բա եթե այդպես էր, ինչու՞ էր Արցախի Հանրապետությունը 2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեով սահմանադրական բարեփոխումներ անում, կամ ինչպե՞ս էր 2020թ. մարտի 31-ին համապետական ընտրություններով Արցախի նախագահ և ԱԺ ընտրվում: Մի՞թե ՀՀ վարչապետին կարելի է այդ աստիճան կեղծել, խեղաթյուրել և հակահայկական հայտարարություններ անել հանրային եթերից:
4. Ասում է, “ՀՀ ռեսուրսների առյուծի բաժինը դրվել է ԼՂ վրա”: Այո, մասսամբ այդպես է և դա ճիշտ էր: ԼՂ հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, անվտանգության, պետականության կայացման անկյունաքարային հարցերից մեկն է եղել: ԼՂ հարցով է Հայաստանը կարողացել սեփական անվտանգային և ռազմապաշտպանական միջավայրը կառուցել, արտաքին քաղաքական կշիռ և դերակատարություն ստանձնել, պետականության կայացման համար գաղափարական հիմքեր ստեղծել, էլ չեմ ասում տնտեսական ահռելի օգուտների մասին: Բա քո կարծիքով ՆԱՏՕ-ն կամ ՌԴ-ն, կամ Իսրայելը հիմա ինչի՞ շուրջ են կռիվներ մղում: Մի՞թե կարելի է քաղաքականությունից հեռու ժողովրդի մի հատվածի ձայները կրկին գողանալու համար թշնամանք տարածել և փորձել բարոյազրկել ԼՂ հարցը: Բա հիմա, քո ասելով՝ ԼՂ հարց չունես, ինչո՞ւ չես կարողանում Ադրբեջանի հետ “խաղաղության պայմանագիր” բանակցես: Ինչո՞ւ են Արևմուտքն ու Ռուսաստանը քեզ քաշքշում այս ու այն կողմ: Որովհետև կորցնելով Արցախը, դո՛ւ և Հայաստանը կորցրել եք բավարար սուվերենությունը, դեմքը, քաղաքական արժեքը: Մի քանի ամսով անվտանգություն մուրալու և իշխանություն պահելու դիմաց ստիպված ես ծնկաչոք չոչ անել աշխարհի քաղաքական կուլիսներում:
5. Մոտավորապես ասում է, “նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերը չեն կատարել իրենց պարտականությունները՝ մասնավորապես 1-ից 8-րդ կետերը”: Այո՛, համաձայն եմ, հետո՞… Դու ջանասիրաբար քննադատում ես նախորդ իշխանությունների օրոք եղած գրեթե բոլոր բանակցային փաթեթները, դրանցում տեղ գտած աշխատանքային փաստաթղթերի նախագծերը: Բայց ինչո՞ւ ես մոռանում, որ նոյեմբերի 9-ի խայտառակ, ստարացուցիչ հայտարարությունը քո միակ “ձեռքբերումն էր”, և դրա տակ դրված է քո ստորագրությունը: Բա եթե քո բանակցած նոյեմբերի 9-ի հայտարարությունը ջրվել է ուրիշների մեղքով, ի՞նչ երաշխիք ես տալիս հայ ժողովրդին, որ մի օր էլ չի ջրվելու Ադրբեջանի հետ բանակցվող “խաղաղության խաչմերուկ” պայմանագիրը և թուրքական տանկերը չեն հայտնվելու ՀՀ բնակավայրերի մուտքերի մոտ:
6. Ասում է, “ՀՀ կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԼՂ-ն չհայաթափվի”: Այստեղ պետք է Սերժ Սարգսյանի հայտնի հարցով արձագանքեմ. “յա, իրո՞ք…”:
Ասելիքը շատ է, բայց երևի այսքանն էլ բավարար է, մեր տխուր և դժգույն իրականության համար:
Դուք ավելի լավ է այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, դա ձերը չէ: Դուք տոնածառ զարդարեք, խաղալիքներ ու լույսեր կախեք քաղաքների ծառերից, հրավառություններ ու սելֆիներ արեք, ասֆալտ փռեք, երթևեկությունը կարգավորեք, երկար ավտոբուսները գտեք-բերեք, չոր ու թաց նավահանգիստներ “կառուցեք” և այլն: Բայց այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, մինչև որ հայ ժողովուրդը դուրս կգա իրեն հասցված անմարդկային ծանր շոկից ու ապատիայից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid035s9JyTZtftXNvNFKVazWWxXxkxchnuvkaYPoVX31JSkNDQRyqEiWCHzCaoC8PD1Nl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել