Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելություն:
Տարին ամփոփող խոսքով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել անցնող ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերների հաղթահարման հարցում ՀՀ տեսլականին:
Ընդգծվել է, որ 2023 թվականը ևս լի էր մարտահրավերներով, և չնայած ՀՀ բոլոր նախազգուշացումներին և կանխարգելման բոլոր ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց էթնիկ զտման: Նշվել է, որ ՀՀ-ն շարունակում է քայլեր իրականացնել ԼՂ-ից տեղահանված ժողովրդի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ:
Անդրադառնալով նաև տարբեր ուղղություններով ձեռք բերված առաջընթացին՝ ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում հավատարմագրված դիվանագիտական ծառայության անդամներին՝ իրականացված աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ սերտ համագործակցության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել