Երեկ վերջապես հստակ ու հոդաբաշխ դիրքորոշում արտահայտեց Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու և դրանով հանդերձ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման հավանականության մասին: Ֆյուլեն պարզ և կոնկրետ հայտարարեց, որ ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով իրենք չեն կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները, իսկ Մաքսային միությանն անդամակցությունը բացառում է Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս կազմող Խորը և համապարփակ առևտրի գոտու մասին համաձայնագրի (DCFTA-ի) ստորագրման հավանականությունը:
Եվ սա արդեն շուրջ մեկ շաբաթ հնչող իրարամերժ ու հակասական եվրոպական արձագանքներից ամենահստակն ու միանշանակն էր: Ասել է թե` ոչ մի ասոցացում, դուք կատարել եք ձեր ընտրությունը: Պատկերի լիարժեքության համար էլ կարելի է ավելացնել, որ Ֆյուլեն գանգատվել է, որ Եվրոպայում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու որոշման մասին իմացել են միայն օգոստոսի 31-ին, իսկ դեռ հուլիսին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ նման հարց անգամ օրակարգում չի եղել: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Եվրոպայի համար Հայաստանի որոշումն անակնկալ էր ու անսպասելի, բայց նման տպավորությունը հնարավոր է միայն այն պարագայում, եթե դուք ԵՄ-ն դիտարկում եք միամիտ ու ինֆանտիլ մի կառույց, որն ընդհանրապես չի զբաղվում անալիտիկայով ու ռիսկերի գնահատմամբ, իսկ դա նոնսենս է: Եվրոպան շատ լավ էլ գիտեր, թե ինչի է գնում և ինչպես է գնում և դա գիտեր դեռ 2008 թվականից, երբ նոր թափ հաղորդվեց արևելաեվրոպական նախկին խորհրդային հանրապետություններում եվրոինտեգրացիոն գործընթացներին:
Իրականում մենք մեր զանգակատան գագաթին նստած, հերթական անգամ տրվել ենք ավանդական հայկական այն պատրանքին, որ ողջ տիեզերքը մեր շուրջ է պտտվում, ու բոլոր գործընթացները պայմանավորված են հայկական գործոնով: Մինչդեռ իրականությունը շատ ավելի բարդ է և միևնույն ժամանակ ցինիզմի հասնող պրագմատիզմով հագեցած: Ի սկզբանե Եվրոպան ուներ մեկ գերխնդիր՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց վերջնականապես պոկել հնարավորինս ավելի մեծ աշխարհաքաղաքական տարածք, որի միջուկը միանշանակ Ուկրաինան էր, և եթե ընթացքում այդ տարածքից մի քանի բեկոր պոկվեր ու հետ ընկներ, հոգ չէ՝ կարևորն Ուկրաինան էր: Եվրոպացիները քաջ տեղյակ էին և հիմա էլ տեղյակ են, թե ինչ խորը տնտեսական ու քաղաքական ազդեցություն ունի Ռուսաստանը Հայաստանի վրա: Իհարկե, հնարավոր էր հանձն առնել կոմպենսացնել բոլոր այն ֆինանսական ռիսկերը, որոնք սպառնում էին մեզ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում, բայց այստեղ կանգնում է նպատակահարմարության հարցը. ինչո՞ւ ծախսել միլիարդներ Հայաստանի վրա, եթե արդյունքում ստանալու ես Արցախյան խնդրի պես գորդյան հանգույցով կաշկանդված մի երկիր, այն էլ մի տարածաշրջանում, որտեղ երեք պետություններից մեկը ամեն ինչ կանի, որ Մաքսային միություն չմտնի, մյուսն էլ դեռ 2008-ից իր արտաքին քաղաքական վեկտորը կտրուկ փոխել էր դեպի արևմուտք:
Փոխարենը, այդ միջոցներն ու էներգիան կարելի էր ուղղել Ուկրաինան նոր ուղեծրում պահելու ջանքերին, ինչի համար իրոք շատ մեծ ռեսուրսներ են պետք (Ռուսաստանի արդեն իսկ ձեռնարկած հակաքայլերի արդյունքում Ուկրաինային սպառնում է տարեկան 10-15 միլիարդ դոլարի կորուստ): Հայաստանն այս պարագայում կարող է դեռ որոշակի ժամանակ ծառայել որպես Ռուսաստանի ուշադրությունը իր վրա շեղող խայծ, բայց վերջին հաշվով, դա ուղղակի բլեֆ է, որովհետև բոլոր գործընթացները կենտրոնացած են հիմա Ուկրաինայի շուրջ: Ավելին, ամեն ինչ խոսում է այն բանի մասին, որ Եվրոպան պատրաստ է հանձնել ռուսներին անգամ Մոլդովան, բայց Ուկրաինայի համար կմղվի կենաց-մահու պայքար:
Այսքանով հանդերձ, պետք է արձանագրել, որ Եվրոպայի հանդուրժողականությունն ու մեղմ արձագանքը պայմանավորված են ոչ թե նրանց զիջողականությամբ, այլ նրանով, որ իրենք երբեք էլ դրույք չեն արել այլ արդյունքի վրա, և առայժմ ամեն ինչ ընթանում է հենց նրանց մշակած սցենարով, համենայն դեպս` մեր տարածաշրջանում: Իսկական պայքարն ու դրույթները կսկսեն ավելի ուժեղ արտահայտվել նոյեմբերին ու նոյեմբերից հետո, բայց այդ ժամանակ մենք արդեն գործընթացների կիզակետում չենք լինի:



