Հայաստանում հիմա քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում, այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին:
«Ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, «Եռաբլուրում» հողեր չեն սեփականաշնորհում», - ասաց նա:
Վարչապետի խոսքով` միջազգային կառույցները հինգ տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում:
«Չեք հոգնե՞լ համեմատություններ անելուց, որ հարց եմ տալիս` փորձեք կոնկրետ պատասխանել», - արձագանքեց Քոչարյանը` հիշեցնելով, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի:
«Արդարադատության հետ կապված` խնդրում եմ, մի ծիծաղացրեք, տեսնում ենք` ինչ է կատարվում», - նշեց Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Լեո-Պարոնյան փողոցում տեղի ունեցած միջադեպը իրավուքն ունեն հիշել նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին:
«Ես չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս, դրանք շատ մեծ օգուտներ են բերում», - հավելեց Նիկոլ Փաշինյանը: