Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը:
Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած Defense & Security Equipment միջազգային ցուցահանդեսի ժամանակ ( ռազմական տեխնիկայի աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը), ըստ փորձագետների՝ նկատելի էին ռազմարդյունաբերական համալիրների ամբողջական վերադիրքավորման ազդակները, որոնք փոխում են համաշխարհային սպառազինության արդյունաբերության աշխարհաքաղաքականությունը: Ավելին, այն սկսվել է փոխվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության առաջին օրերից։
Իրավիճակի գնահատման ամենանշանակալի ցուցանիշը ողջ աշխարհում ռազմական ծախսերի տպավորիչ աճն է։ 2022թ.-ին դրանք հասել են «ռեկորդային մակարդակի»՝ 2, 24 տրիլիոն դոլարի, ինչը մեկ տարում աճել է 3,7%-ով (ըստ SIPRI-ի տարեկան զեկույցի): Եվրոպական երկրները, վերազինվում են ավելի արագ, քան մյուսները։ Նրանց պաշտպանական ծախսերը 2022թ. հասել են 480 միլիարդ դոլարի՝ 13%-ով ավելի, քան 2021թ-ին: Ռուսաստանի գործողություններից առաջացած վախի ազդեցությամբ, առավել նկատելի աճ է գրանցվել արևելյան թևում, մասնավորապես 11%-ով Լեհաստանում, 12%-ով Շվեդիայում, 27%-ով Լիտվայում, 36%-ով Ֆինլանդիայում և այլն: Միևնույն ժամանակ զենքի ներկրումը գրեթե կրկնապատկվել է (+93%)՝ դեպի Ուկրաինա զանգվածային մատակարարումների արդյունքում։
Ուկրաինական ճգնաժամը, կարելի է ասել՝ ստիպել է եվրոպական երկրներին առերեսվել բարձր ինտենսիվության հակամարտության հետ կապված սեփական կարիքների բավարարման հետ։
Երկրագնդի մյուս կողմերում վերազինումը շարունակվում է՝ Թայվան կղզու շուրջ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածության պատճառով: Չինաստանի ռազմական ծախսերը, որն արդեն ուներ աշխարհում ամենաբարձր պաշտպանական բյուջեն ԱՄՆ-ից հետո, աճել են՝ 2022թ. հասնելով 292 միլիարդ դոլար (+4,2%)։ 2022թ. Ճապոնիայի ռազմական ծախսերը հասել են 46 միլիարդ դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է 1960թ. ի վեր։
Միացյալ Նահանգները շարունակում են մնալ զենքի առաջատար արտադրող, ինչը 2022թ կազմել է մահացու արտադրանքի համաշխարհային արտահանման 40%-ը, մեծ մասամբ Կիև զանգվածային առաքումների շնորհիվ (ՌԴ ՌՀՕ-ի սկզբից ի վեր ավելի քան $44 մլրդ): Այս առավելությունը պայմանավորված է նաև եվրոպական գնումներով, որտեղ գնումների ավելի քան 60%-ն ամերիկյան սպառազինություն, տեխնիկա և սարքավորումներ են։ Ամերիկյան ընկերությունները շարունակում են գերիշխել շուկայում. նրանցից 40-ը՝ զենք արտադրող և ռազմական ծառայություններ մատուցող 100 առաջատարների թվում են:
Սպառազինության համաշխարհային շուկայում նաև նոր խաղացողներ են հայտնվում, որոնցից ամենաակտիվը Հարավային Կորեան է։ 2022թ.-ին Սեուլը միայն Լեհաստանի հետ ավելի քան 9 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Շուրջ տասը տարի է, ինչ հարավկորեացիները զգալի գումարներ են ներդնում իրենց ռազմական արդյունաբերության մեջ: Հյուսիսային Կորեայի հետ լարվածության պատճառով, նրանք գտնվում են «պատերազմական տնտեսության» ռեժիմում: Հարավային Կորեայի առավելություններից մեկն այն է, որ նրա արտադրած սպառազինությունը հիմանականում համատեղելի է նաև ՆԱՏՕ-ի համար օգտագործվող ԱՄՆ-ի զինատեսակների հետ:
Զենքի շուկայի հիմնական խաղացողներից է նաև Իսրայելը, հատկապես կիբերանվտանգության և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում: Վերջին երկու տարիներին, Իսրայելը նույնպես անսպասելի բեկում մտցրեց եվրոպական շուկայում, որն ավանդաբար պատկանում է ՆԱՏՕ-ի արդյունաբերողներին: Արևելյան Եվրոպայի երկրների հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, 2022թ.-ին Գերմանիան մեկնարկեց «European Sky Shield» ծավալուն նախաձեռնությունը՝ միավորելով տասնյոթ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային և Բալթյան երկրներին: ԱԹՍ հարձակումներից մինչև բալիստիկ հրթիռների սպառնալիքներից պաշտպանվելու համար, վահանը կներառի մի շարք սարքեր, ներառյալ իսրայելական “Arrow 3” համակարգը, որն աշխարհում առաջադեմներից մեկն է, և նախատեսված է հեռահար հրթիռներ որսալու համար: Գործարքը կարժենա շուրջ 4 միլիարդ եվրո, որի առաջին 560 միլիոն եվրոանոց տրանշի համար Գերմանիայի խորհրդարանն արդեն քվեարկել է: 2022թ. նոյեմբերին Ֆինլանդիան ևս հայտարարեց, որ Իսրայելի հետ 317 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրել «Դավթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերելու համար: Թե առաջիկայում իսրայելա-պաղեստինյան վերսկսված պատերազմն ինչպես կփոխվի Իսրայելի ռազմարդյունաբերության մատարակարարումների ուղղությունը՝ դեռ պարզ չէ: Սակայն այն երկարաձգվելու պարագայում, բնականաբար Իսրայելը նախապատրվությունը կտա իր կարիքների բավարարմանը:
Ուկրաինական հակամարտությամբ առաջացած համաշխարհային լայնածավալ վերազինման այս իրավիճակում Իրանը և Հյուսիսային Կորեան ևս կարողացան իրենց դրսևորել Ռուսաստանի կարիքները բավարարելու հարցում։ 1992-ից մինչև 2022թ. Իրանը զենք արտահանողների շարքում 38-րդն, իսկ 2022թ-ին բարձրացավ 16-րդ տեղը՝ հիմնականում անօդաչու սարքերի արտահանման շնորհիվ: Հյուսիսային Կորեան ևս համատեղելիություն ունեցող զինատեսակներ մատակարարեց Ռուսաստանին ։
Չնայած, որ Ռուսաստանը պատմականորեն երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում ռազմական տեխնիկա արտահանող երկրների ցանկում, այն այժմ ժամանակավորապես երրորդ տեղ զբաղեցնելու շեմին է։ Սառը պատերազմից ի վեր Միացյալ Նահանգները մենաշնորհել է համաշխարհային շուկայի 35-40%-ը, Ռուսաստանը՝ 20-25%-ը, իսկ Ֆրանսիան՝ 5-10%-ը։ Այժմ Ռուսաստանն ունի զենքի արտահանման շուկայի մոտ 9% մասնաբաժինը:
Ֆրանսիան կարծես չի կարողանում վերականգնել իր դիրքերն Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ կորցրեց ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ազդեցությունը (քանի որ նրա զորքերը ստիպված էին լքել Սահելը), չնայած Ռուսաստանի համար լարված իրավիճակին: Այնուամենայնիվ, Փարիզը նույնպես պայքարում է եվրոպական շուկայում դիրքավորվելու համար: Ներկայումս Ֆրանսիան, շահել է ամբողջ աշխարհում զենքի վաճառքի աճից, որի արտահանումը 2018-2022թթ. աճել է 44%-ով: Սակայն, Ուկրաինայում հակամարտության բռնկմամբ բացված շուկաները նվաճելիս Ֆրանսիան հետ է մնում։ Ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ այդ դժվարությունները պայմանավորված են դիվանագիտական հարաբերությունների խճճվածությամբ, ռազմական գնումների հետ կապված վարչական բյուրոկրատիայի և տեխնոլոգիաներ փոխանցելու ընդհանուր դժկամությամբ: Մինչ Վաշինգտոնն ու Լոնդոնը մրցակցում են ուկրաինական շուկայում, Փարիզը փորձում է գրավել այնպիսի երկրների շուկաներ, ինչպիսիք են Հայաստանը, Ղազախստանը և նույնիսկ Ուզբեկստանը։
Պարզ է, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքում վերսկսված սպառազինությունների մրցավազքը չի կարող անվերջ ֆինանսավորվել, նույնիսկ եթե երկրերը դա հրապարակավ չասեն։ Պարտքի պատն աշխարհում դառնում է իրականություն: Այսօր պետությունները պայքարում են բարձր պարտքի, կրթության, սոցիալական և առողջապահության հրատապ մարտահրավերների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության մտահոգությունների դեմ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ում 2024թ. ռազմական բյուջեի ընդունումը բուռն քննարկումների տեղիք է տալիս՝ հարցականի տակ դնելով Ուկրաինային և Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցությունը:
Աշխարհում ստեղծված այս իրավիճակում, Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է դժվար լուծելի գերխնդիր: Թե որքանով են կարողանում ՀՀ կառավարիչները լուծել զենքի ձեռքբերման խնդիրը՝ ցավոք տեսնում ենք: Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդվող ասֆալիտի ու սալահատակի գովքն են անում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid029NGSKhqkEwLwkYxiAgdYVFNq3ZJi3tYgbzkZjnQpR9y2kEouVitavibMg61LDJHEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել