Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ որոշեց մի թեթեւ հարամել ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կազմակերպած միջոցառումը եւ ցուցահանդեսը վերածել իր հետ ասուլիսի, որի ժամանակ «ավետեց», որ Արցախի հարցը վերջնականապես փակված է, եւ Հայաստանի համար Ղարաբաղի ինքնորոշման հարց գոյություն չունի։ Ազգային ժողովի ֆոյեներից մեկում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի սկսվելուց մեկ րոպե առաջ հայտնվելով սրահում՝ Ալեն Սիմոնյանը, անտեսելով արարողակարգը եւ ցուցահանդեսին հրավիրված հյուրերին, որոնց թվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ կային, համաձայնեց ճեպազրույց տալ լրագրողներին եւ մոտ 30 րոպե ուշացրեց միջոցառման մեկնարկը, չնայած ԱԺ արարողակարգի աշխատակիցը պարբերաբար ժամացույցն էր ցույց տալիս՝ հասկացնելով, որ ուշացնում են միջոցառումը: Իսկ երբ հերթական զգուշացումը նյարդայնացրեց Սիմոնյանին, նա բարձրաձայն դիտողություն արեց աշխատակցին, թե` «այս հարցազրույցն» իր համար ավելի կարեւոր է։ Այժմ դառնանք, թե ինչով էր ավելի կարեւոր այդ ճեպազրույցը, եւ ում հորդորով էր Ալեն Սիմոնյանն «ինքնակամ» հայտնվել լրագրողների «օղակում»:


«Ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցն արդեն լուծվա՞ծ է։ Կներեք, ո՞րն է Արցախի հարցը, լուծված-չլուծվածը, կասե՞ք օրինակները»,- լրագրողներին հարցեր էր ուղղում նա, ապա կրկնեց «առաջնորդի» սիրելի նարատիվը` Հայաստանն այսօր լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը։ Հարցին՝ ձեր հայրենիք Աղդա՞մն էլ մեջը, Սիմոնյանը պատասխանեց․ «Իմ հայրենիքը հայկական աշխարհն է, լեռնաշխարհն է, որի մասին էլի մի չորս անգամ ասել եմ»։ Եթե Արցախի ինքնորոշման հարցն այլեւս գոյություն չունի, արդյոք արցախահայերի իրավունքների եւ նրանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցերն ընդգրկվա՞ծ են խաղաղության պայմանագրի բանակցություններում․ ԱԺ նախագահն ասաց` չի կարող ասել։ Սիմոնյանի համոզմամբ, այժմ պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագրի վրա, իսկ հայերի՝ Ադրբեջան կամ ադրբեջանցիների՝ Հայաստան հնարավոր վերադարձի հարցերը պետք է քննարկվեն ապագայում։ Ինչո՞ւ նույն խաղաղության բանակցությունների շրջանակում չեն բարձրացնում արցախահայերի իրավունքների, վերադարձի, նրանց անվտանգության հարցերը, Սիմոնյանը պատասխանեց․ «Հայերը գնացել են հիմա սահմանին կանգնել են, ուզում են հենց հիմա վերադառնան իրենց տուն, մենք էդ հարցը չենք բարձրացնո՞ւմ»։

Ալեն Սիմոնյանը նաեւ ինքնախոստովանական ցուցմունք տվեց իր եւ իր թիմի մասին՝ ասելով, որ ամենառիսկային քայլերին են գնացել՝ նկատի ունենալով Արցախի հանձնումը, բայց Ադրբեջանը մնում է անդրդվելի եւ չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ ապրել, խաղաղության պայմանագիր կնքել։ Այն, ինչի մասին շատերն էին զգուշացնում, որ զիջումները ոչ թե խաղաղություն են բերելու, այլ ավելի են կատաղեցնելու մեր թշնամուն: Ալեն Սիմոնյանը բառացիորեն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ինչ հնարավոր է, զիջել է, հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, եւ «ցանկության դեպքում՝ առաջիկա 15 օրում էլ խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսեւորի»: «Մեր քաղաքական իշխանությունն իր վրա հարված վերցնելով այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, մենք մեր իշխանությունն էլ ենք դրել հարվածի տակ եւ մեծ ռիսկի ենք գնացել, բայց արել ենք` հասկանալով, որ մեզ պետք է խաղաղություն»: Քայլեր ասելով` նկատի ունեք Արցախի հանձնո՞ւմը, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Խի՞ մենակ Արցախը, այնքան բան կարող եմ ասել, այնքան օրինակ կարող եմ բերել՝ սկսած վարչապետի հայտարարություններից, վերջացրած մեր համաձայնություններից եւ մեր ժողովրդից, որ բռնի տեղահանվեց»։ Իսկ չե՞ն ափսոսում, որ այդքան բան արեցին, բայց Ադրբեջանը չգնահատեց եւ շարունակում է Հայաստանը պահանջել։ «Մենք 30 տարի եւ ավելի նույն բանն ենք արել, նույն գործելաոճն ենք ունեցել նույն իրավիճակում, նույն տեղ նամակ ենք գրել, նույն տեղ զանգել ենք ու հույս ենք ունեցել․․․ էն, որ սիրում ենք, է, անընդհատ պատմական Հայաստանից խոսել, խոսել ենք»։

- Բայց ասում էիք, որ ձեր կետից եք սկսել, ու հետո 30 տարի ինչ արել, չեն արել, բայց Արցախ չեն հանձնել։

- Բա զիջելն էլ ո՞նց է լինում, ո՞նց չեն զիջել։ Որ բոլոր հայերը դոշ են ծեծում, ասում են` մեր պատմական հայրենիքը:

- Դուք էլ էիք Աղդամը ձեր հայրենիքը համարում, եթե զիջել էին, իշխանության գալուն պես հայտարարեիք, որ Արցախ չկա, նախկիններն արդեն տվել են, այլ ոչ թե հակառակ հայտարարություններն անեիք։

- Ես հիմա էլ եմ ասում, որ հայկական լեռնաշխարհն իմ հայրենիքն է, որովհետեւ իմ նախնիներն այստեղ են ծնվել, եւ սա իմ հայրենիքն է։ Բայց այդքան գլուխ գովեցինք, նույն տրամաբանությամբ գնացինք, նույն տեղ նամակ գրեցինք, զանգեցինք, եկանք հասանք, մնաց 29 հազար 800 ք/կմ, իսկ միգուցե պետք է հիմա ուրի՞շ ձեւ գործենք։

- Փաստն այն է, որ նախկինում Արցախը կար, հանձնվեց ձեր իշխանության օրոք։

- Վստա՞հ ես, որ կար, Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին, որի մասին շատ եմ խոսել, չեմ ուզում էլ խոսել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել