Առհասարակ, ավագանու մանդատն իրենից ենթադրում է ոչ միայն նիստերին գալ եւ արդեն մեխանիկորեն ընդունել որոշումներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով նրան, որ հերթական անգամ ավագանու նիստերին չի ներկայանում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին, թե արդյոք դա անարգանք չէ ընտրողների նկատմամբ, Աբգարյանը պատասխանեց. «Թե ինչպես մենք պետք է քվեարկենք, ինքը ցանկացած որոշման շուրջ իր կարծիքը հայտնում է խմբակցության նիստերին, յուրաքանչյուր հարցի քննարկմանը: Այսինքն իր կարծիքը այստեղ տեղափոխում է իր խմբակցությունը:

Ես չեմ կարծում, որ նա ընդհանրապես չի գալու: Պարզապես, տեսել եք, որ առաջին երկու նիստին մենք էլ չենք մասնակցել, բոյկոտել ենք:

Այսինքն չի կարելի համարել, որ ունեցել ենք բուն քաղաքին վերաբերող բուռն նիստեր եւ մենք չենք մասնակցել կամ Մարությանը չի մասնակցել»:

Աբգարյանը վստահեցրեց, որ Հայկ Մարությանը մանդատը վայր դնելու մտադրություն չունի. «Նա շատ ակտիվ աշխատում է, նաեւ մեզ լուսանկարներ է ուղարկում խնդիրների վերաբերյալ: Մենք պատրստվում ենք բյուջեի հետ կապված մեր առաջարկություններով հանդես գալ: Այդ առումով պարոն Մարությանը շատ ակտիվ աշխատում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել