Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս:

Նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:

«Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»,- նշել էր նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել