Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Սահմանապահ զորքերի ղեկավարության անունից շնորհավորեց զինծառայողներին՝ նորակառույց ուղեկալում ծառայություն իրականացնելու կապակցությամբ, և նշեց, որ հայրենիքի սահմանների հուսալի պահպանությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է, հավելելով, որ նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով:
Սահմանապահ զորքերի ղեկավարությունը շրջայց կատարեց նորակառույց ուղեկալի սպայական կացարանում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են սահմանապահ ուղեկալի սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։
Այցի ավարտին ՀՀ ԱԱԾ ղեկավարության անունից համապատասխան հանձնարարականներ տրվեցին Սահմանապահ զորքերի ուղեկալում ծառայություն իրականացնող սպայական անձնակազմին։