Civilnet.am-ը գրում է․
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և անդրադարձել երկկողմ օրակարգի ու տարածաշրջանային նշանակության կարևորագույն հարցերին։
Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինն օգտագործողների մասին՝ նա ասել է․ «Նրանց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան»։
«Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակից ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները: Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»,- ասել է դեսպանը։
Իրանի դեսպանի համոզմամբ՝ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների վերականգնմանը, բայց անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։
«Մենք դեմ ենք այն կոմունիկացիաներին և ուղիներին, որոնք դուրս են Հայաստանի ինքնիշխանությունից և հարցականի տակ են դնում Հայաստանի անկախությունը։ Մեր տեսանկյունից ուղին, որը չի լինի Հայաստանի վերահսկողության և ինքնիշխանության ներքո, անընդունելի է»,- ասել է Մեհդի Սոբհանին։
Դեսպանը նկատել է, որ Հայաստանի հետ սահմանը թեև ամենափոքրն է, բայց Իրանի համար լավագույն սահմանն է․ «Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիք չենք ունեցել և Հայաստանն էլ երբեք Իրանի կողմից սպառնալիք չի զգացել: Մեր սահմանը բարեկամության և փոխշահավետության սահման է: Հայաստանի համար այն եղել է Իրանի, Պարսից ծոցի և հարավային երկրների հետ հաղորդակցվելու և դեպի Հնդկաստան ու ծով դուրս գալու սահման: Իրանի համար էլ Հայաստանը դեպի հյուսիս՝ Վրաստան, Սև ծով և հյուսիսային ճանապարհի երկարությամբ գտնվող երկրներ դուրս գալու ուղի է»։