Պաշտպանության նախարարությունը հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ ներթափանցելու իրավունք չունի։
ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց իրենց գործունեության վերաբերյալ ՊՆ–ի հայտնած տեսակետին։
Հիշեցնենք, որ Tert.am-ի հարցմանն ի պատասխան, ՊՆ-ն պարզաբանում էր ներկայացրել խնդրի շուրջ։
Sputnik Արմենիային Վարդանովն ասել է, որ ՈՄԱ–ն ամրաշինական կառույցներ` գմբեթներ է կառուցում պաշտպանական երկրորդ և երրորդ գծերում։ Շինարարությունն իրականացվում է հանրային միջոցներով, որի համար կազմակերպությունը դրամահավաք է հայտարարել` նշելով, որ «ԳՄԲԵԹ 2» 1 կրակակետի արժեքը 930 000 դրամ է։
ՈՄԱ–ի նախագահը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում չհերքեց` ՊՆ-ի հետ ծրագրի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր համաձայնություն ձեռք չի բերվել։ Նախաձեռնությունը մասնավոր է, շինարարությունն իրականացվում է պաշտպանական երկրորդ և երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաև դրամահավաք իրականացնելու համար, Վարդանովի պարզաբանմամբ, ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։
Նախաձեռնությունը ՊՆ-ի հետ նախապես չի քննարկվել, քանի որ, ըստ նրա, իրավական առումով դրա անհրաժեշտությունը չի եղել։
«Իրավական տեսանկյունից նույնիսկ առաջնագծում գտնվելը իրավաբանորեն գրանցված չէ։ Քանի որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, մենք ամեն ինչ անում ենք` մաքսիմալ պահելով իրավական կողմը, և դա ՈՄԱ–ի կրեդոն է։ Մենք երբեք առաջնագծում չենք հայտնվում առանց ՊՆ-ի կազմում հաշվառվելու։ Դա չի եղել 2016թ-ին, չի եղել 2020թ-ին։ Մենք միշտ առաջնագիծ ենք գնում օրինական ձևերով»,– ասաց Վարդանովը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։