Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում իրավիճակի վատթարացումը։
Պոնտիֆիկոսը «խորը տխրություն է հայտնել քաղաքացիական զոհերի համար և վստահեցրել է, որ առաջիկայում կապի մեջ կմնա նախագահ Աբասի հետ՝ հետագա խորհրդակցությունների և օգնության համար», հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Հռոմի պապն ընդգծել է «խաղաղության հասնելու և պատերազմի ավարտի կարևորությունը [Մերձավոր Արևելքում] և ամբողջ աշխարհում, ինչպես նաև բոլորին ժամանակին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը»:
Իր հերթին, Աբասը մատնանշել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու Վատիկանի ջանքերի կարևորությունը։ «Նախագահ Աբասը շեշտեց Վատիկանի շարունակական ջանքերի կենսական նշանակությունը՝ զինադադարի հասնելու և Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման: Նա ընդգծել է խաղաղ բնակիչներին պատերազմի սարսափներից խնայելու անհրաժեշտությունը, հատկապես հաշվի առնելով Իսրայելի դաժան հարձակումները Գազայի հատվածում անմեղ խաղաղ բնակիչների վրա», - հաղորդում է WAFA-ն: