«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազատ խոսքի, ազատ մամուլի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողականորեն առաջ է տանում: Երեւանցիների 9 տոկոս ձայներով ընտրված՝ իշխող կուսակցության քաղաքապետի երդմնակալությունը առանց լրագրողների կազմակերպելուց հետո քաղաքային իշխանության ներկայացուցիչը հարձակվել է «Ժողովուրդ» օրաթերթի վրա:
Նախօրեին տեղեկացանք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը սեպտեմբերի 27-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու մասին վճիռ կայացնել:
Հայցվոր կողմը պահանջել է նաեւ ««Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի գույքի վրա 3 միլիոն դրամի չափով արգելանք դնել: Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը հոկտեմբերի 6-ին գործն ընդունել է վարույթ, կայացրել է որոշում՝ օրաթերթի գույքի վրա արգելանք դնելու մասին: Ընդգծենք, որ Ղուկասյանի կողմից դատի տալու, գործը վարույթ ընդունելու եւ միջնորդությունը մասնակի բավարարելու գործընթացից լրատվամիջոցը տեղյակ չի եղել, որեւէ ծանուցում չի ստացել:
Միայն հոկտեմբերի 20-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից գրություն ենք ստացել, որ հոկտեմբերի 17-ին հարկադիր կատարող Ս. Միրզիկյանը որոշում է կայացրել կատարողական վարույթի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնելու վերաբերյալ: Տեղեկացնենք նաեւ, որ մինչ դատարան դիմելը թաղապետ Ղուկասյանը պաշտոնական որեւէ գրություն չի ուղարկել լրատվամիջոցին հերքման պահանջի մասին, ինչը օրենսդրական պահանջ է:
Իսկ ո՞ր հրապարակումն է դարձել դատական վեճի առարկա. 2023 թվականի սեպտեմբերի 2-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ են կառուցվել, եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ:
Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երեւանցիների խնդիրների մասին: Կենտրոն վարչական շրջանի էջն էլ ակտիվ լուսաբանում ու մեծ շուքով ներկայացնում է կոնկրետ աշխատանքները:
Այսպես, երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել: ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտումները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը: ԿԸՀ ՔՊ-ական նախագահը խախտում չէր տեսել, բնականաբար:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից արված քայլը, դատավոր Էդուարդ Ամարյանի որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը դիտարկում է խոսքի ազատության նկատմամբ ուղղակի ճնշում եւ դատական բոլոր ատյաններում պայքարելու է ազատ խոսքի իր անքակտելի իրավունքի իրացման համար: Իշխանության որեւէ ներկայացուցիչ, առավել եւս՝ զավեշտալի ու քրեական պատմություններով հայտնի Կենտրոնի թաղապետը, իր ագրեսիվ վարքով մեզ չի կարող հետ պահել հետագա հրապարակումներից»: