Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ սահման է քաշել «քաղաքակրթության ուժերի և բարբարոսության ուժերի միջև»: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այսօր այստեղ գալու և Իսրայելին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած միանշանակ աջակցության համար, որն արտացոլում է ամերիկացի ժողովրդի ճնշող մասի կամքը», - ասել է Նեթանյահուն:
Նա ԱՄՆ-Իսրայել համագործակցությունն անվանել է «իսկապես աննախադեպ»:
Այսօր Բայդենը ժամանել է Իսրայել. Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն, նախագահ Իցհակ Հերցոգը, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆանի Հալեթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը պետք է նաև մեկնի Հրոդանան, սակայն այժմ արդեն հայտնի է, որ Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:
Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին:



