«Его ни что, ни испугает, и то, что был бы яд другим, его живит, его питает огнём язвительным свом»
Ցավոք սրտի, այսօր Հայաստանում կան հմուտ քաղաքական գործիչներ, ովքեր շատ մակերեսորեն են մոտենում Ժիրինովսկու քաղաքական գործունեությանը, նամանավանդ, երբ խոսքը գնում է նրա վարած արտաքին քաղաքականության մասին: Մամուլում քիչ չենք հանդիպում հետևյալ արտահայտությունները` «Ժիրինովսկու հերթական կապիկությունները» կամ` «Ժիրինովսկու տեղը կրկեսն է» և այլն: Ուղղակի զարմանում եմ նման մտածողների վրա: Ի՞նչ է, չե՞ն հասկանում արդյոք, որ նրա «կապիկությունը» դասական քաղաքական հնարք է, ի՞նչ է, չե՞ն կարդացել, որ այդպիսի «կապիկությունների» շնորհիվ ժամանակին Ֆրանսիայի թագավորի ծաղրածուն` Շիկոն, իրականում մեծ դերակատարում ուներ Ֆրանսիայի քաղաքական կյանքում: Ինչպե՞ս չեն նկատում, որ «կապիկը» չէր կարող 15 տարի անընդմեջ ղեկավարեր մեծությամբ ՌԴ-ի պառլամենտական երրորդ ուժով: Մի՞թե չեն հասկանում, որ Ժիրինովսկին հենց այնպես չէր կարող ունենալ «ստաբիլ» 25 մլն ռուսների աջակցությունը: Եվ երևի հենց այս հանգամանքներն են պատճառ հանդիսանում, որ երբ Ժիրինովսկին ինչ-որ հայտարարություն է անում, նամանավանդ, երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, ես դա ընդունում եմ որպես յուրահատուկ մեսիջ ուղղված մեզ Ռուսաստանի իշխանությունների կողմից:
Այն, որ Ժիրինովսկին իսկապես Հայաստանի լավն է ցանկանում, դա քննարկման առարկա չէ, դա իրականություն է, քանզի նա բազմիցս տարբեր բարդ հանգամանքներում ապացուցել է: Օրինակ` ինչպե՞ս կարելի է թերահավատորեն մոտենալ վերջերս Ժիրինովսկու արած հետևյալ արտահայտությանը` «Ասադի անկումը կործանարար է լինելու ողջ Հարավային Կովկասի, այդ թվում նաև Հայաստանի համար», սակայն արի ու տես, որ գտնվում են մարդիկ` հրապարակախոսներ, քաղաքագետներ, լրագրողներ, որոնց գրառումները ուղղակի ապշեցնում են իրենց «մանկամտությամբ»: Երբ գրում են, որ պետք չէ լուրջ վերաբերվել Ժիրինովսկու հայտարարություններին, ցանկանում եմ բացականչել` «ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ, կարո՞ղ եք նշել մի դեպք, երբ Ժիրինովսկու ասածները իրականություն չեն դարձել, նամանավանդ, երբ խոսքը գնացել է արտաքին քաղաքանության վերաբերյալ, իհարկե, չեք կարող: Իհարկե, իմ այս խոսքերը չեն նշանակում, որ Ժիրինովսկին մի յուրահատուկ գուշակ է, ուղղակի ինչ-ինչ պատճառներով նա ավելի տեղեկացված է, քան շատ ավելի լուրջ համբավ ունեցող ռուսական գործիչներ:
Հ.Գ. Եվ միշտ հիշեք, հենց այնպես «ամբիցիոզ» Պուտինը չէր ասի, որ Ռուսաստանում Ժիրինովսկին այն եզակի քաղաքական գործիչներից է, ում, հիրավի, կարելի է անփոխարինելի համարել: Իսկ, որ Ասադի անկումը կործանարար է լինելու ողջ Հարավային Կովկասի, այդ թվում նաև Հայաստանի համար, դա ինձ մոտ կասկածի նշույլ անգամ չի առաջացնում, և այդպես են մտածում նաև շատ և շատ սիրիահայեր: