Ռուսաստանը խորը համոզմունք ունի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Օրերս վարչապետ Փաշինյանը հարցազրույցում ասել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղղությունը, ուստի լիահույս ենք, որ այդ դիրքորոշումը գերակա կլինի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ քաշելու փորձերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բիշքեկում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էը՝ Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում:
Նրա խոսքով՝ բարդ ժամանակաշրջան է գլոբալ աշխարհակարգի համար։
Փաշինյանն ընդգծել է, որ խնդիրը ՌԴ հետ Երևանի հարաբերությունները չէ, խնդիրը մեծ տերությունների հարաբերություններն են:
«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, ինչ-որ կա, չենք չեղարկում, մենք ոչ մի տեղից դուրս չենք եկել։ Բայց մենք երբեք չենք թաքցրել խնդիրները, որոնք կան, օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված»,- ասել էր նա:



