Լեռնային Ղարաբաղից ՀՀ ժամանած 6104 երեխա օրվա ավարտի դրությամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի կրթական հաստատություններում։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ինչպես տեսնում եք, այսօր կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին նույնպես կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք բոլոր այստեղ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունն ապահովել», - նշեց նախարարը։

Նա նաև ներկայացրեց կրթական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվն ըստ մարզերի։ Ըստ այդմ՝ Արագածոտնում 306 երեխա է ընդգրկված դպրոցներում, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց ձորում՝ 108, Տավուշում՝ 158, իսկ Երևանում՝ 2048։

«Երեխաները հընթացս ապահովվում են գրենական պիտույքներով, նաև դասագրքերի հարցն է կարգավորվում», - նշեց Անդրեասյանը՝ շեշտելով, որ դասագրքերը տրամադրվում են անվճար։

Նա նաև հավելեց, որ մեկնարկում են ուսանողների աջակցության ծրագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել