1Lurer.am-ը գրում է.
Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտել է ամիսներ շարունակ Եվրոպայի «բացակայությունը», երբ Արցախում հայերը շրջափակված էին, սովի մատնված և, ի վերջո, ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը:
«Իհարկե, այն երկիրը, որ պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է, այն պետք է պատասխանատվության ենթարկվի, և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Եվրոպական միջնորդությունը ևս ձախողվոել է, քանի որ այն չեզոք է մնացել»,- նշել է Լուազոն, հիշեցրել՝ եթե անարդարության ժամանակ չեզոքություն ես պահպանում, նշանակում է՝ ագրեսորի կողմն ես անցել, փոխանցում է 1lurer.am-ը։
Լուազոն հիշեցրել է նաև, որ Եվրախորհրդարանը բազմից է նշել Արցախին սպառնացող վտանգների մասին, սակայն ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել դրանք կանխելու համար:
Եվրապատգամավորը նաև զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին:
«Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվը և Հայաստանը»,- եզրափակել է Լուազոն: