Aravot.am-ը գրում է.
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն ապահով հատել էր Արցախի սահմանը, Հանրայինի եթերում հայտարարեց, որ ադրբեջանցի ոստիկաններն իրեն չեն ճանաչել, անձնագիր էլ չեն ստուգում, ինքը հանգիստ, «սպարտիվկայով», ժպիտով, ձեռքով բարեւել է ադրբեջանցիներին ու հասել Հայաստան:
Այսօր Aravot.am-ը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ Սամվել Բաբայանը արդյոք դրանով չականապատե՞ց այն ճանապարհը, որով պիտի անցնեին իր ընկերները:
Նա պատասխանեց. «Սամվել Բաբայանը հո չէ՞ր ասելու՝ ես այլ ճանապարհով եմ եկել, ցույց տար էդ ճանապարհները: Բա Սամվել Բաբայանին մեկը չհարցրե՞ց ո՞նց էր գնացել Ղարաբաղ, է՞դ ճանապարհով: Էդ արդեն Սամվել Բաբայանի խնդիրն է: Ինքը, մի մոռացեք, պաշտպանության բանակի այն հրամանատարն է եղել, որ բոլոր քարերի, թփերի տեղը գիտի: Ես կուզեի, որ Ղարաբաղի բոլոր իշխանավորները էդ թփերի տեղը իմանային: Ընդ որում, Բակո Սահակյանը եղել է Սամվել Բաբայանի թիկունքի գծով տեղակալը: Բա թիկունքի գծով տեղակալը չիմանա՞՝ էս ծառից հետո մյուս ծառը հնարավորություն տալի՞ս է դուրս գալու, թե՞ չէ»:
Հարցին՝ հիմա Ռուբեն Վարդանյանի մեղքը այն է, որ ինքը ամեն քար ու թփի տեղը չի իմացել ու ուղիղ ճանապարհո՞վ է եկել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե: Բա պիտի իմանար, բա գնացել էր ի՞նչ էր անում, ասում էր՝ կարմիր գծեր ունեմ»:
Հարցրեցինք հիմա դուք պնդում եք, որ ադրբեջանցիներին մենք ցուցակ չե՞նք տվել այն զինվորականների, որոնք պիտի անցնեն ու նրանց, որոնք պիտի ձերբակալվեն՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մե՞նք, կարող է գործակալները: Ադրբեջանցիները այսքան տարի սաղ հետեւում էին՝ ով, ում հետ…Ինչի բա չե՞ք հարցնում՝ նույն ձեւ Քյոխը էդ կամուրջն անցել է»:
Ասացինք՝ հարցեր իսկապես առաջանում են՝ ո՞նց եղավ, որ Դավիթ Բաբայանն ու Քյոխն անցան, իսկ Ռուբեն Վարդանյանին բռնեցին, Դավիթ Բաբայանն էլ իրեն գնաց հանձնվեց՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում Դավիթը խի՞ գնաց: Ես չեմ հասկանում, որ Սամվել Բաբայանը ասել է մի բան, դուք դա դարձրել եք մատի փաթաթան: Բայց վստա՞հ եք, որ Սամվել Բաբայանը այդտեղով է անցել, ո՞վ կարա ասի: Դուք գիտե՞ք Սամվել Բաբայանը ոնց է մտել, ո՞նց գնաց: Բա նույն ճամփով թող էնտեղ գնային Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, խի՞ չեն գնում»: