«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Այդ մասին պարզ դարձավ սեպտեմբերի 24-ին, երբ հայտարարվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Բրյուսել մեկնելու մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 26-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիեւի հետ՝ նախապատրաստելու այդ հանդիպումը։
Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաեւ կարծիքներ փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Եվ, ահա, այդ հանդիպման ժամանակ նշվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են սահմանների սահմանազատմանը, անվտանգությանը, հաղորդակցություններին, հումանիտար հարցերին եւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։
Ավելին՝ նշվում է, թե անհրաժեշտ են հստակ գործողություններ եւ վճռական փոխզիջումային լուծումներ՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ հոկտեմբերի 5-ին ղեկավարների սպասվող հանդիպմանը կարող են լուրջ որոշումներ ընդունվել։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: