Դեռ 10 տարի առաջ «կուսակցություն» բառը կարելի էր համարել ամենահարգի բառերից մեկը: Հասարակության պահանջները միշտ արտացոլվել են և կյանքի են կոչվել տարբեր քաղաքական ուժերի` կուսակցությունների միջոցով: Այդպես է եղել միշտ և այդպես էլ կլինի, սակայն այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում Հայաստանում, կարելի է ասել միջազգային չափանիշներով վերցված բացառություն է: Այո, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 80-ից ավել կուսակցությունների մեծամասնության մասին ժողովուրդը նույնիսկ չի էլ լսել: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ են նրանք ստեղծվում, ո՞րն է պատճառը: Դժվարանում եմ պատասխանել, քանզի, ինչ վերաբերում է հայկական մենթալիտետին, ես աշխատում եմ անալիզի չենթարկել, քանի որ շատ դեպքերում այն առողջ տրամաբանությունից հեռու է: Ինչո՞ւ նշեցի մենթալիտետը, կարող եմ բացատրել հետյալ կոնտեքստում` «մենք հայերս սովոր ենք ոչ մի բանից հետ չմնալ, դա հենց մեր մենթալիտետի վառ դրսևորումներից մեկն է, այսինքն` եթե իմ հարևանը ունի «Բենթլի» կամ «Ֆերարի», ապա ես էլ պետք է ունենամ» սկզբունքն է աշխատում: Նույնը վերաբերում է քաղաքական գործիչներին, որոնց ձեռքը, երբ որևէ մի նոր բան է ընկնում, թեկուզ աննշան գաղափար, անպայման փորձում են այն կյանքի կոչել, ոչ շատ, ոչ քիչ քաղաքական կուսակցությունների «կոմուֆլյաժի» ներքո:
Ժողովրդական լեզվով ասած` նրանց «պալոժ» չի նույն բանը հնչեցնել ՀԿ-երի մակարդակով: Եվ այսպես, ստեղծվում են նորանոր կուսակցություններ, որոնցից շատերին կարելի է տալ ընդամենը «մի մտքի կուսակցություն» անվանում: Ես հասկանում եմ, որ «կուսակցության նախագահ եմ» արտահայտությունը մեծ ոգևորություն է առաջացնում հանրության որոշ շրջանակներում, ես քաջ գիտակցում եմ, որ շատ կուսակցության նախագահներ երբ հնչեցնում են «ես կուսակցության նախագահ եմ», նրանք այդ պահին իրենց ավելի բարձր են դասում սովորական մահկանացուներից, ու ի՞նչ արժի այդքանի համար ստեղծել կուսակցություն: Շատ անգամ նրանցից շատերը նույնիսկ իրենց կուսակցության ֆետիշացման դասական ձևերին չեն տիրապետում: Երբ այս թեմայի շուրջ խոսակցություն ծավալեցի վերոհիշյալ կուսակցություններից մեկի նախագահի հետ և նրան ուղղեցի հետևյալ հարցը`«կարո՞ղ եք բացատրել` ինչո՞ւ եք ստեղծել կուսակցություն և ինչո՞ւ եք այսքան պասիվ», նա ինձ պատասխանեց հետևյալ կերպ (ներկայացնում Ձեզ բառ առ բառ).
«Հարգելիս, ինչո՞ւ եք այդքան վրդովված, ինչո՞վ է խանգարում Ձեզ իմ Ն.... կուսակցությունը, կուսակցություն է էլի, մի օր կարող է ակտիվանալ, ըստ Ձեզ, ի՞նչ է, ես իմ հատկանիշներով արժանի չե՞մ կուսակցության նախագահ լինելու, նայեք` ինչ արժող-չարժող կա, խորհրդարանում է, միգուցե մի օր էլ ինձ բախտը ժպտա, համաձայն չե՞ք»:
Հարգելի ընթերցողներ, ճիշտն ասած` սա այն եզակի դեպքերից մեկն էր, երբ ես չկարողացա նրան որևէ բան պատասխանել, քանզի իմաստ չգտա:
Հ.Գ. Ըստ իս, այդպիսի կուսակցությունները պետք է իսպառ վերանան, քանզի նրանք շատ անգամ հասարակությանը շեղում են, օրինակ 10 տարին մեկ անգամ կարող է մի «կորած-մոլորած» ելույթ ունենա, այն էլ` ճարահատյալ, բայց արտասահմանյան մամուլը ֆիքսի, որ տեսեք, թե ինչ կարծիքի են այս թեմայի շուրջ քաղաքական ուժերը` չհասկանալով, որ վերոհիշյալ կուսակցության նախագահը իր հետևից գնացող 10 հոգի էլ չունի: