Արդեն 12 տարի է, ինչ Ջորջ Բուշ կրտսերի հայտնի ելույթից հետո ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ: Այդ պայքարի դրոշի տակ անցան Աֆղանստանյան ու Իրաքյան պատերազմները, այդ պայքարի արդյունքում հազարավոր տոննա ռումբեր նետվեցին, և տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, բայց արի ու տես, որ ինչքան ավելի ահաբեկիչ է սպանվում, ինչքան ավելի շատ պարագլուխներ են ոչնչացվում, այնքան ավելի են շատանում ահաբեկիչները և ծայրահեղականության օջախները, իսկ հին պարագլուխներին փոխարինելու են գալիս էլ ավելի ծայրահեղական նորերը:
12 տարի առաջ միջազգային ահաբեկչության օջախների աշխարհագրությունը բավականին սահմանափակ էր և ներառում էր Աֆղանստանը, Հյուսիսային Կովկասը, Արաբական թերակղզու առանձին հատվածներ, իսկ այսօր գործ ունենք Լիբիայից մինչև Իրաք ձգված ալեկոծվող հրե գոտու հետ, կտրուկ վատթարանում է Աֆղանստանի վիճակը, անկայունության նախանշաններն առկա են արդեն Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում:
12 տարի առաջ, պաշտոնական վարկածի համաձայն, ԱՄՆ-ում ահաբեկիչները օդում միաժամանակ գրավեցին 4 ինքնաթիռներ, որոնցից երկուսը հարվածեցին Միջազգային առևտրային կենտրոնի երկու աշտարակներին, մեկը՝ Պենտագոնի շենքին, իսկ չորրորդ ինքնաթիռը, որը պետք է հարվածեր ատոմակայանի, այդպես էլ տեղ չհասավ և կործանվեց (վարկածներից մեկի համաձայն` ուղևորները, հասկանալով, թե ինչ է կատարվում, իրենք էին ապստամբել, և բախումի արդյունքում ինքնաթիռը կործանվել էր, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ ինքնաթիռը ոչնչացվել էր օդում ամերիկյան ՀՕՊ-ի կողմից):
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին այս տարիների ընթացքում շատ է խոսվել ու գրվել, արդեն լայն տարածում են ստացել դավադրության տեսություններ, համաձայն որոնց` հենց ԱՄՆ-ն էլ կազմակերպել է, բայց չեմ ուզում խոսել դրա մասին, քանի որ մեծ հաշվով դա էական էլ չէ: Սեպտեմբերի 11-ն իրականում ցույց տվեց մարդկության ոսկեզոծ ու սնդուսափայլ դեպքի քողարկված մութ հատվածը, իսկ Սեպտեմբերի 11-ից հետո սանձարձակված ահաբեկչության դեմ պատերազմը ոչ այլ ինչ է, քան պայքար սեփական արտացոլանքի դեմ:
Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը ոսկե միլիարդ և սոված 6 միլիարդ ունեցող միաբևեռ համաշխարհային հասարակական համակարգի օբյեկտիվ արգասիքն է, և դրա դեմ ուժային պայքարը նման է Հերակլեսի պայքարին՝ Լեռնեյան Հիդրայի դեմ: Կարելի է ահաբեկիչներին ոչնչացնել միլիոններով, իսկ ահաբեկչական ճամբարները հողին հավասարեցնել գերճշգրիտ հարվածներով, բայց դա ոչ միայն չի լուծի հարցը, այլև ավելի կկատալիզացնի վիճակը:Սպանված ահաբեկչի փոխարեն կկանգնեն երեք նորերը՝ նրա հարազատների, ընկերների և համախոհների շարքից, ոչնչացված ճամբարի փոխարեն կկառուցվեն նորերը, իսկ ահաբեկչությունը սնուցող հասարակությունները հակահամակարգային ու հակաամերիկյան նոր փաստարկներ ձեռք կբերեն:
Պայքարը հետևանքների դեմ չի կարող արդյունավետ լինել ի սկզբանե, իսկ եթե հետևանքների դեմ պայքարը մի բան էլ ավելի է խորացնում դրանց բերած պատճառները, ապա այդ պայքարը արդեն ուղղված է հենց պայքարողի դեմ: Տպավորությունն այնպիսին է, որ մարդկությունը հայտնվել է փակուղում, որովհետև օր օրի ավելանում են ֆունդամենտալ խնդիրները և, որպես կանոն, դրանց թիվն ավելացնում են հենց այն ուժերը, ովքեր ներուժ ունեն դրանք լուծելու համար:
Իրականում, այս համատեքստում հետաքրքիր է «ԱՍԱԼԱ»-ի օրինակը, որը թեև միջազգային կառույցների ու տարբեր պետությունների կողմից ներառված է եղել «Ահաբեկչական կազմակերպությունների» ցանկի մեջ, սակայն էականորեն տարբերվել է օրինակ նույն Ալ Նուսրայի ճակատից կամ Ալ Ղաիդայից: Նախ` այն երբեք չի գործել կրոնա-մատերիալիստական մոտիվներով, երկրորդն էլ` դրա անդամները ոչ թե կիսագրագետ ու անխելք ֆանատիկոսներ են եղել, այլ բարձր ազգային գիտակցություն ունեցող անհատներ, ինչն ապացուցվում է նաև նրանով, որ կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանի անկախության հռչակումից հետո` այդ կերպով ամրագրելով, որ իրենց պահանջները քաղաքական-պատմական հարթությունում էին, և գաղափարախոսությունը գերակա էր:
Հետաքրքիր է նաև Չեչնիայի օրինակն այն առումով, որ դեռ 10 տարի առաջ այն հանդիսանում էր ՌԴ ամենաանկայուն հատվածը, որն անդադար նորանոր ահաբեկիչների էր գեներացնում: Սակայն երկրորդ չեչենական պատերազմից հետո ռուսները փոխեցին իրենց ռազմավարությունը՝ Չեչնիայի գլխին կարգելով ամենաազդեցիկ չեչեն առաջնորդներից մեկին, որին փոխարինեց իր որդին, և սկսեցին միլիոնավոր դոլարներ հատկացնել հյուսիսկովկասյան այս պետությանը: Ռուսները շատ քաջ գիտակցում էին, որ այդ միլիոնների զգալի մասը յուրացվում է տեղի վերնախավի կողմից, բայց նրանք գիտակցում են նաև, որ նման պայմաններում տեղում ազդեցություն ունեցող վերնախավն ամենից շատն է շահագրգռված, որ իրենց ազդեցության գոտին չսերմանի ծայրահեղականություն, որը կբերի դոլարների հոսքի նվազեցմանը: Բացի դրանից, ինչ-որ միջոցներ այնուամենայնիվ ծառայում էին նպատակին, և դրա առհավատչյան Գրոզնու այսօրվա տեսքն է, որն ինչքան էլ կողծ ու աններդաշնակ լինի, ստեղծվել է հողին հավասերացված քաղաքի փլատակների վրա:
Այսինքն` հանգում ենք նրան, որ ահաբեկչություն առաջացնող երկու հիմնական պատճառները սոցիալական բարդ պայմաններն ու բնակչության կրթական ցածր համակարգն ու տեղերում ադեկվատ ու լեգիտիմ կոնտրագենտների բացակայությունն է: Հոգեբան Մասլոուի պահանջմունքերի բուրգում առաջնային տեղը զբաղեցնում է անվտանգության կարիքը, իսկ հետո արդեն կենսամակարդակը:
Այն պահից, երբ օրինակ Եգիպտոսի աղքատիկ գյուղերից մեկում մեծացող մանուկը, ում հիմնական կապն արտաքին աշխարհի հետ իրենց գյուղի իմամն է և ասեկոսեները, դադարի ընկալել օրինակ նույն ԱՄՆ-ին որպես իր ազգի ու կրոնի համար վտանգ ներկայացնող ուժ, որի դեմ պետք է կենաց-մահու պայքար մղել և անգամ շեհիդության դիմել, այն պահից, երբ այդ երեխան, սոված չլինելով ինքը, հետագայում կարողանա կուշտ պահել իր երեխաներին, ահաբեկչությունը եթե չվերանա էլ, ապա էականորեն կնահանջի:
Ահաբեկչությունը քաղցկեղի մետաստազի պես մի բան է, որի հարուցիչը Անարդարությունն է. անարդարություն՝ պատմական, անարդարություն՝ սոցիալական, անարդարություն՝ տնտեսական, անարդարություն՝ քաղաքական: Քանի դեռ մարդիկ առանձին-առանձին և հասարակական ավելի մեծ կազմավորումները շարունակում են գեներացնել անարդարության նոր չափաբաժիններ և մարտնչել առկա անարդար գլոբալ համակարգի հարատևության համար, ահաբեկչությունն ու տեռորը կծաղկեն ու կտարածվեն, որովհետև դա այս գլոբալացվող, կոսմետիկ պերճանքով, երկնաքերներով ու պենթհաուսներով աշխարհի աֆրիկյան խրճիթների, կովկասյան աուլների, բրազիլյան ֆաբելլաների տեսքով շողքն է, իսկ այդ շողքը գնալով ավելի ու ավելի է մեծանում...



