Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
 
Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

 - լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

 - դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել