Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:
Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում: Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով: Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:
Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:
Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի: Յուրաքանչյուր պայքար պետք է որոշակի տեսանելի հեռանկար ունենա, առավել ևս, երբ կշեռքի մյուս նժարին դրված են հազարավոր մարդկային կյանքեր:
Ամուր եղե՛ք, ժողովու՛րդ: Մենք վեր հառնելու ժամանակ դեռ կունենանք:
Հ.Գ. Թող հատկապես Արցախից դուրս գտնվող որևէ մեկը չփորձի ինձ հայրենասիրության դասեր տա՝ կտրված լինելով այս դաժան իրականությունից, որի միայն մի փոքր մասն է դրսից տեսանելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtakBeglaryan/posts/pfbid02C3xY8RmPygaC5wESwrrNJY8BpA6BGHPuVjLYj8N2WCPXJaqb1xcWwrP7LjYLohRhl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել