Hetq.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի օրերս պարգևավճար է տրվել։ Այն եղել է աշխատակիցների աշխատավարձի 50%-ի չափով։ Այդ ՀՈԱԿ-ում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այս օրերին ակտիվ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նա ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակում 155-րդն է։

Ավագանու ընտրությունից առաջ պարգևավճար բաժանելու վերաբերյալ «Հետք»-ի տեղեկությունները ո՛չ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հերքեց, ո՛չ էլ ՀՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատուն։

Ստորև ներկայացնում ենք պարգևավճարներ հատկացնելու տեղեկությունը ստուգելու նպատակով ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ ունեցած կայքի զրույցը։

-Պարոն Բեգոյան, մենք տեղեկություն ունենք, որը ցանկանում եմ անձամբ Ձեզնից ճշտել։ Ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձի 50%-ի չափով պարգևավճար են ստացել, եթե այո, ապա ինչի՞ առիթով են ստացել պարգևավճար։

-Նախ սկսենք նրանից, որ ես արձակուրդում եմ և այդ տեղեկությունը ես ինքս պետք է ճշտեմ։ Ես այս պահին տեղեկություն չունեմ։ Երկրորդ՝ այդ աշխատակիցները հիմնականում մեր այգեպաններն են։ Լինում է, որ ստանում են, որովհետև իրենց աշխատավարձը 110 հազար դրամ է, շատ ցածր է։ Տարվա մեջ այդպես լինում է, որ ստանում են։ Տվյալ դեպքում՝ ստացել են, թե ոչ, չեմ կարող ասել, դա ճշտել է պետք։

-Հնարավո՞ր է այսօր ճշտեք։

-Փորձեմ, ես հիմա շատ զբաղված եմ։ Փորձեմ, եթե ստացվի, տեղյակ կպահեմ։

-Մինչ այդ կասե՞ք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թիվը և որքա՞ն է կազմում նրանց միջին աշխատավարձը։ Դա պետք է որ իմանաք։

-Այգեպանների թիվը մոտ 500 հոգի, կոնկրետ չհարցնեք, որովհետև աշխատանքի վայրում չեմ։ 400-ից 500 հոգի, որոնց մաքուր աշխատավարձը 110 հազար դրամ է։ Շատ ցածր է։ Նաև ես ամեն ինչ անում եմ, որ մյուս տարի այդ աշխատավարձերը բարձրանան, որովհետև մեր բանվորներն ու այգեպանները տիտանական աշխատանք են կատարում։

-Հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ընտրությունից մի շաբաթ առաջ պարգևավճար տալն արդյո՞ք վարչական ռեսուրսի չարաշահման կամ ընտրողին նյութապես շահագրգռելու մասին չի խոսում։

-Հստակ պատասխանեմ՝ ոչ։ Գրեթե ամեն եռամսյակ, աշխատավարձի ցածր լինելու պատճառով, տրամադրվում են պարգևավճարներ՝ մի փոքր կոմպենսացնելու համար այդ մարդկանց ցածր աշխատավարձը և իհարկե նաև այդ մարդկանց կատարած տիտանական աշխատանքը։ Ես չգիտեմ՝ դուք նկատել եք, թե չէ, բայց կանաչապատման մեջ արված փոփոխությունները և այդ մարդկանց շոգին, արևի տակ կատարած աշխատանքը․․․․ Դա մշտական բնույթ է կրել։ Միշտ էլ ցածր աշխատավարձի պայմաններում, երբ կազմակերպությունը կարողացել է այդ հնարավորությունը ստեղծել, կամ քաղաքապետարանն է այդ հնարավորությունը ստեղծել, և մենք փորձել ենք այդ մարդկանց պարգևատրել։ Եթե չեմ սխալվում, պարգևատրում ստացել են նաև գարնան վերջին։

-ՀՈԱԿ-ի աշխատակիցներին պարգևատրելու որոշումը Ձեր որոշու՞մն է լինում, թե՞ համայնքի ղեկավարի որոշումով է կատարվում։

-Ոչ, իմ որոշումով է։ 

 

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել