Ակնայով ռուսական օգնությունն ընդունել/չընդունելու մասին։ Նայում եմ իշխանական քարոզիչների գրառումները՝ փորձում են համոզել, իբր Արայիկ Հարությունյանը նույն բանն էր ուզում անել ու հավասարության նշան դնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
Հենց սկզբից ուզում եմ նշել՝ Ակնայի ճանապարհի շահագործումն ինձ համար էլ է խնդրահարույց և մտահոգիչ։ Բայց կան հանգամանքներ, որոնք որոշ չափով մեղմում են անհանգստությունս։ Նշեմ դրանք.
ա) Արցախի իշխանություններն Ակնա-Ասկերան ճանապարհը բացում են ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի համար։ Այդտեղով ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական ապրանքներ են բերվելու։ Եվ եթե որևէ մեկը երկու այդ երկրների տարբերությունը չի հասկանում, դա իր մեղքն է։ Նմանների հետ քննարկելու ոչինչ չունեմ։
բ) Այս լուծումն այն չէ, ինչին ձգտում էր Ադրբեջանը։ Իհարկե, Ալիևի վարչակազմն փորձում է համոզել իր բնակչությանը, իբրև իրենց առջև դրված հերթական խնդիրն են լուծել, բայց դա բացարձակ սուտ է, քանի որ Ադրբեջանը չի կարողացել Արցախին իր «օգնությունը» պարտադրել։
գ) Ակնայի ճանապարհով Ռուսաստանի կողմից Արցախ բեռներ տանելու հանգամանքը մեծ հարված է Ադրբեջանի այն քարոզչությանը, իբր իրենք արդեն լուծել են Արցախի հարցը։ Այդ ի՞նչ լուծում է, երբ դու չես կարող այնտեղ բեռներ տանել, իսկ ուրիշ մի երկիր կարողանում է։ Այն էլ քո տարածքով։
դ) Ռուսաստանը փաստորեն նորից սկսում է զբաղվել Արցախի խնդրով՝ գոնե թե ինչ-որ չափով հրաժարվելով ՀՀ դավաճան իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով ադրբեջանցիներին երես տալու մարտավարությունից։ Սա նաև փոքրիշատե նվազեցնում է Արցախի հանդեպ Ադրբեջանի՝ վերջին օրերին ակտիվ նախապատրաստվող ռազմական նոր ագրեսիայի վտանգը։
ե) Սա միջանկյալ, ինչ-որ չափով Արցախի և Ադրբեջանի պահանջները հավասարակշռող («ո՛չ ձեզ, ո՛չ նրանց» սկզբունքով) լուծում է, որը որոշակի ժամանակ է տալիս Արցախի նոր իշխանություններին։ Իսկ այդ ժամանակը հիմա չափազանց անհրաժեշտ է պաշտոնական Ստեփանակերտին։
զ) Թե՛ Ռուսաստանից և թե՛ Հայաստանից Արցախ ուղարկվող բեռները չափազանց անհրաժեշտ են այնտեղի մեր հայրենակիցներին։ Սրա մասին չէի ցանկանա շատ ծավալվել, բայց այո, սրտիս խորքում ուրախ եմ, որ ինչ-որ լուծումներ այնտեղի՝ սովին դիմակայող մեր ժողովրդի համար այնուամենայնիվ գտնվեցին։
Նորից եմ կրկնում՝ թվարկվածները և ևս մի քանի այլ գործոն, ընդամենը մեղմում են իմ անհանգստությունները։ Որովհետև ռիսկերը իսկապես մեծ են։ Բայց կան նաև հնարավորություններ։ Ամբողջ հարցն այն է, թե քաղաքական ինչ գնահատականներ կտրվեն ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանը, օրինակ, փորձում է վերմակն իր կողմը քաշել։ Չէր խանգարի, եթե նույնը Արցախն աներ։ Վստահեցնում եմ՝ դրա հնարավորությունը կա։ Համենայն դեպս, Ստեփանակերտն ինքն է որոշել՝ ում համար ճանապարհ բացել և ում համար՝ ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել