2023թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը՝ 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Վարդանանց փողոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է Գարիկ Գալեյանը։ Վերջինս իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2022թ. հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի 48-ամյա բնակիչ Գ.Գալեյանը, եղբոր և մի խումբ անձանց հետ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, օգտագործելով այն առիթը, որ վավերագրական ֆիլմի նկարահանումների իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող Դ.Ս.-ն չի կատարում նկարահանումները դադարեցնելու իր պահանջները, նրան ցուցարարների, լրագրողների, ոստիկանների մոտ ստորացնելու նպատակով, իր ձեռքում գտնվող շշի պարունակությունը ցուցադրաբար լցրել է վերջինիս գլխին: Այնուհետև իր եղբոր և մի շարք անձանց հետ հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ հարձակվել են Դ. Ս.-ի վրա, պատռել նրա վերնաշապիկը, բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Գ. Գալեյանին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Միացված վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ. սեպտեմբերի 8-ին Գ. Գալեյանին նոր մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 1-ին մասով։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա խախտել է ազատության մեջ մնալու պայմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmInvestigative/posts/pfbid0fHTY8kJcnUuH4PVqVMdLbyhpT8QzMeRFUgwQFMrRCgQJuzPPWEHZe61WBn8ukyoBl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել