ԱԺ-ում հայտարարություների ժամի ելույթիս տեքստը: 

2013 թվականի սեպտեմբերն սկսվեց փոփոխություններով: Այո՛, փոփոխությունների սպասումը բոլորիս մոտ վաղուց կար, հատկապես կար հույս, որ կլինեն փոփոխություներ լճացած պետական բյուրոկրատիայում, բայց ստացանք լրիվ այլ բան: 2001 թվականից Հայաստանի սկսած իրական եվրաինտեգրման գործընթացը դե ֆակտո կանգնացվեց կամ առնվազն լրջորեն հետ շպրտվեց: Այո՛, 2001 թվականին ՀՀ անդամակցեց Եվրոպական Խորհրդին և ստանձնեց իր օրենսդրական դաշտը եվրոպականացնելու պարտավորություն: 2004 թվականից, միանալով Եվրոպական Նոր Հարևանության ծրագրին, Հայաստանը պարտավորվեց պետական ինստիտուտների եվրոպականցման գործընթացը խորացնել, իսկ 2008 թվականից, միանալով Արևելյան Գործընկերության ծրագրին, գնում էինք Ասոցացման և մեր տնտեսական ինստիտուտների արդիականացմանը՝ դառնալու համար 700 միլիոն բնակչություն ունեցող, որակական չափանիշներով ամենագրավիչ և ապահով շուկայի մաս:


Իսկ ի՞նչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Հայաստանը փաստորեն հայտարարեց, որ անցած տասնամյակի ուղին ճիշտ չէր: Այն ամենը, ինչի մասին այդքան երկար խոսել ենք, ինչի ուղղությամբ տարբեր գերատեսչություններ լավ կամ վատ, բայց աշխատել են, սխալ էր: Մինչդեռ ոչ ոք չի կարող ասել, որ արդյունքներ չունեինք: Շատ ունեինք: 2 տարի տեսնում էինք, որ ոստիկանությունը փոխվում է. դանդաղ, դժվարությամբ, բայց փոխվում է, իսկ սեպտեմբերի 3-ից հետո ունենք նորից հին ոճով ծեծեր: Տեսնում էինք, որ երբ կա համատեղ պահանջ մեր քաղաքացիների կողմից, ապա մեծ ջանքերի շնորհիվ, բայց, այնուամենայնիվ, պահանջի ձայնը լսելի էր դառնում: Իսկ հիմա կրկին նկատվում է, որ զրպարտումները և ճնշումները սկսվում են: Ու այսպես շարունակ: Դժվար չի կանխատեսել, որ վերջին տարիներին մեր երկրի թերևս ամենամեծ ձեռքբերումը` բավականին լայն բացված մամուլը, ևս երկար այսպես չի մնա: 

Շատերն են ասում, թե Մաքսային միությանը միանալը զուտ տնտեսական դաշտում է, և կապ չունի ու չի ունենա հասարակական-քաղաքական կյանքի ու բարեփոխումների հետ: Չեմ հավատում դրան: Անհնար է, որ չունենա: Դեռ չանդամագրված ունենք: Էլ ո՞ւր մնաց` դրանից հետո չլինի: 

Ես դեմ չեմ անվտանգությանը, շատ լավ հասկանում եմ` խոսքը ինչի մասին է: Ես դեմ չեմ տնտեսական շահավետությանը, եթե իհարկե ինչ-որ մեկը կարողանա դա հոդաբաշխ ներկայացնել ու ապացուցել: Ես դեմ եմ հետադիմական ու դեպի ճահիճ տանող ճանապարհին: Ցավոք, մենք կազմ ու պատրաստ և շատ պատրաստակամ արդեն իսկ մտել ենք այդ ճանապարհը: Ու դրանից հեռու մնալու ցանկություն էլ առանձնապես շատ չի երևում: 

Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել