Սեպտեմեբերի 2
Ցանկանում կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբերի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր միասնության կերտման սկիզբը։ Այդ այցելությամբ կփաստենք բոլորիս համար Արցախում պայքարող և զրկանքներ կրող մեր քույրերին և եղբայրներին, որ մենք էլ պատրաստ ենք իրենց համար միասնական քայլ անել։ Իրենք մեզ համար են անում, մենք էլ պարտավոր ենք իրենց համար անել։
Իսկ այսօր կոչս ուղղում եմ Երևանի ապագա քաղաքապետ դառնալու համար պայքարող բոլոր 14 թեկնածուներին։ Ով էլ ընտրվի քաղաքապետ կամ ավագանու անդամ, միևնույն է, դուք ներկայացնելու եք մի քաղաք, որտեղ գտնվում է Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը։ Վստահ եմ, որ եթե սեպտեմբերի 2-ին լիներ ԱՄՆ, ՌԴ կամ Ֆրանսիայի անկախության օրը, այդ օրը կմասնակցեիք դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը։ Իսկ Արցախի
Հանրապետությունը ձեզ համար ավելի՞ կարևոր չի: Այն ձեր հայրենի՞քը չի։ Եթե հարցի պատասխանն «այո» է, ապա սեպտեմբերի 2-ին գտեք ճանապարհ, բանակցեք և բոլորդ միասին նույն ժամին այցելեք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Մի էլ բարևեք իրար, դա չի կարևորը, մի էլ զրուցեք, էլի ձեր գործն է, բայց նույն ժամին եղեք ներկայացուցչությունում։ Վստահ եմ, մամուլում կհայտնվի նկար, որով կկարողանանք աշխարհին ներկայացնել, որ Արցախը հայ ազգի համար կա, և այն հայկական է։ Վստահ եմ, որ անհատապես բոլորդ էլ լավ եք հասկանում, թե ինչ հզոր «մեսիջ» կարող եք փոխանցել Արցախի մեր հայրենակիցներին և աշխարհին` այդ նկարում հայտնվելով։ Սակայն այլ բան է, թե կկարողանա՞ք վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, և այդ քայլն անել հանուն ազգային շահի։
Եթե առանձին էլ այցելեք ներկայացուցչություն, էլի շնորհակալ կլինեմ, բայց այդ օրը հնարավորություն ունեք ինքներդ ընտրելու. ազգայի՞ն, թե՞ կուսակցական շահ։ Այս պարագայում ընտրությունը ձերն է, իսկ ձեր ընտրության օրն այլ է լինելու։
Խնդրանքս լրատվական դաշտի բարեկամներիս և ինձ չսիրողներին. խնդրում եմ, հանրայնացրեք կոչս, օգնեք տեղ հասցնել։
Իսկ խնդրանքս աշխարհի ցանկացած հայի էլի նույն է՝ եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։ Անպայման մասնակցեք բոլոր ձեզ համար հարմար միջոցաումներին, լինի երթեր, ցույցեր կամ այլ մի բան: Ես օրինակ նաև մասնակցելու եմ ժամը 18:00-ին SOS Արցախ նախատեսվող հանրահավաքին հանուն Արցախի: Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի:
Իսկ Երևանում, հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/pfbid037BduvQ7EzwYX4C37bHEZMAr16c5FJfA3QaWsEEvfCmQ4r1TFC94wNMY1ssGUsiegl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել