1in.am-ը գրում է.
Վլադիվոստոկում անցկացվող Միջազգային օվկիանոսագրաֆիկական հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական համակարգող խմբի 25-րդ նստաշրջանի ժամանակ ձեռք է բերվել համաձայնագիր Խաղաղ օվկիանոսում ցունամիի նախազգուշացման նոր՝ ավելի ժամանակակից համակարգի ներդրման մասին: Ինչպես ITAR-TASS -ին հայտնել են երկրամասային հիդրոմետկենտրոնից, այդ համակարգը կգործի 2014-ի հոկտեմբերի 1-ից:
Համակարգը նախատեսում է փոթորկի նախազգուշացման կայաններ տեղակայել ողջ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև այդ կայանների հետ աշխատանքում նոր երկրների ներգրավել:
Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 60 փորձագետներ՝ Ավստրալիայից, Վիետնամից, Ինդոնեզիայից, Կանադայից, Չինաստանից, Կոլումբիայից, Մալայզիայից, Մեքսիկայից, Նոր Զելանդիայից, Պերուից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆիջիից, Ֆրանսիայից, Չիլիից, Էկվադորից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից:
Խաղաղ օվկիանոսում ցունամիի նախազգուշացման միջազգային համակարգը ստեղծվել է 1965 թվականին՝ Չիլիում երկրաշարժից հետո, ինչի հետևանքով առաջացած ցունամին ավերածությունների պատճառ դարձավ Հավայայում և Ճապոնիայում:
Պատմության ողջ ընթացքում ցունամիների 74 տոկոսը, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել, տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում: Վերջին 10 տարում տարածաշրջանում գրանցվել է հսկա ալիքների առաջացման 30 դեպք: