«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է, լուրջ խնդիրներ կան դասագրքերի հետ կապված: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը օրերս նշել է. «Դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացներն առանձնացված են, և բոլոր այն դասագրքերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, ներկայացվել են հրատարակման։ Այն առարկաները, որոնց համար նոր դասագրքեր դեռևս չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Իսկ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում, չնայած… նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից:
Ի դեպ, արդեն իսկ տարբեր դպրոցներից ահազանգեր ենք ստանում, որ նշյալ դասարանների մի շարք դասագրքեր չեն ստացել, և ուսուցիչները նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչպես են կազմակերպելու դասապրոցեսը: Ի՞նչ է սա նշանակում:
Պարզ ասած՝ սա նշանակում է, որ ԿԳՄՍՆ-ն ու ոլորտի պատասխանատուներն անգամ իրենց իսկ պլանավորած աշխատանքները չեն կարողացել ժամանակին կատարել:
Այնքան չեն կարողացել, որ ստիպված են վերանայել իրենց իսկ նախատեսած «նոր չափորոշիչների» ներդրման ժամկետները, ծավալները:
Ավելին, պարզ է դառնում, որ առանձին դասագրքերի հրատարակումը «հետողորմյա» է արվել, որովհետև… «որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության»: Հասկացա՞ք: Այսինքն, այս ոլորտում այնպիսի շիլաշփոթ է, այնպիսի «ցայտնոտային» անկազմակերպվածություն, որ ԿԳՄՍՆ-ում ավելի լավ ելք չեն գտել, քան… որոշակի առարկաների դասավանդումն «ուսումնական նյութերով» իրականացնելն է: Առանց դասագրքերի: Ոմանց կարող է մանրուք թվալ, բայց ով հանրակրթությանն առնչվել է, հստակ հասկանում է, որ սա ամենաիսկական շիլաշփոթի առիթ է»: