Panorama.am-ը գրում է.
Իրանն աջակցում է Ռուսաստանի նախաձեռնությանը, ըստ որի Սիրիան պետք է քիմիական զենքը հանձնի միջազգային հանրության վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է այդ նախաձեռնությունը, և գտնում ենք, որ դա արվելու է տարածաշրջանում ռազմականացվածությանը վերջ դնելու շրջանակում»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարզիե Աֆխամը՝ ավելացնելով, որ ցանկացած գործողություն պետք է երաշխավորի, որ քիմիական զենքը չի ընկնելու ապստամբների ձեռքը:
«Մտավախություն կա, որ զանգվածային ոչնչացման զենք կարող են ունենալ ահաբեկիչները: Կարծում ենք, որ ցանկացած նախաձեռնություն պետք է վերաբերի նաև ահաբեկիչներին»,-ավելացրել է մամուլի խոսնակը:
Նշենք, որ Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր քիմիական զենքը հանձնել միջազգային հանրության վերահսկողության տակ, որը ողջունել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել էր, որ «թերահավատորեն է մոտենում» այդ առաջարկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ