Օգոստոսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև ՄԱԿ իրավական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ պարտադիր ուժ ունեցող որոշումները:
Նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման միջոցով, և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշիչ դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխարգելման համատեքստում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02VHeYJWKwT7rj9LEGd8QzfbKfre2RnCtgnR6JQHKtakJoeGVshAF4giuye9A4HkE6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել