Բեկումնային լուրեր են գալիս Մոսկվայից: Առաջին հայացքից թվում է, թե Սիրիական ճգնաժամը հանգուցալուծում է ստացել, և կարծես թե այս անգամ կհաջողվի խուսափել նոր պատերազմից: Բանն այն է, որ Ջոն Քերիի երեկվա աղմկահարույց հայտարարությունից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել, եթե Սիրիայի իշխանությունները համաձայնվեն հանձնել իրենց տրամադրության տակ եղած ողջ քիմիական զենքը: Քերիի այս հայտարարությունը ժամեր անց հաստատեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ Ռուսաստանն հանդես եկավ նախաձեռնությամբ, որով նա երաշխավոր է կանգնում, որ Ասսադը քիմիական զենք չի օգտագործի, և եթե Սիրիան իրոք ունի քիմիական զենք, այն ամբողջությամբ կհանձնվի Ռուսաստանին: Այս առաջարկին շտապեց աջակցություն հայտնել նաև իրանական կողմը, իսկ հենց նոր հաղորդեցին, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սիրիայի միջև կա սկզբունքային համաձայնություն, որ սա հնարավոր տարբերակ է:
Սակայն, սրան զուգահեռ, այլ գործընթացներ են տեղի ունենում, որոնք կասկածներ են հարուցում ԱՄՆ-ի անկեղծության նկատմամբ: Բանն այն է, որ Ռուսաստանը շարունակում է էվակուացնել իր քաղաքացիներին Սիրիայից, իսկ Սիրիայի ափերին շարունակում են մոտենալ նորանոր ռազմանավեր, իսկ Իսրայելը անակնկալ զորավարժություններ է անցկացնել Սիրիայի ակվատորիային շատ մոտ: Սադրանքի հոտ է գալիս այս ամենից, և եթե վատատեսների կասկածները իրականանան, ապա ստացվում է, որ այս ամենը ուղղված է մի կողմից միջազգային հանրության զգոնությունը, ինչպես նաև հենց սիրիական կողմի լարվածությունը իջեցնելուն, որպեսզի հնարավոր հարվածն էլ ավելի հանկարծակի ու արդյունավետ լինի:
Կարծում եմ, որ առաջիկա 48 ժամերը բախտորոշիչ կլինեն Սիրիայի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: