Օգոստոսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Նախարար Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի:
Նախարար Միրզոյանն անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված դիմումին: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում մինչ օրս միջազգային գործընկերների, կառույցների կողմից բազում հասցեական ուղերձները և, արդեն 8 ամիս արգելափակված պահելով Լաչինի միջանցքը, խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմներն արդյունավետորն օգտագործելու և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02FwnSsvzjM5aY9nwWbMXrLUGnfmLJCSSTn15mn3D9K7fxbvkb6NbHUfpM6Cd8ov96l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել