1Lurer.am-ը գրում է․
Բեռները Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու շուրջ համաձայնության գալ դեռ չի հաջողվել: Կոռնիձորի սահմանային հատվածում «Լուրերի» թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Չափազանց մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ղարաբաղից, որոնք վկայում են, որ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում համարյա կաթվածահար իրավիճակ է: Առողջապահություն, կրթական համակարգ, գյուղատնտեսություն, տրանսպորտ, էներգետիկա, ջրամատակարարում՝ լրջագույն խնդիրներ են գրեթե բոլոր ուղղություններով»,- ասել է Վարդան Սարգսյանը՝ հավելելով, որ անտարբերությունը նման իրավիճակում անթույլատրելի է, և անհրաժեշտ քայլերն առավել հրատապ են դառնում:
«Տեղեկություններ կան համատարած թերսնման դեպքերի մասին, որոնք նույնպես արդեն բերել են անդառնալի հետևանքների: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գործուն և հստակ քայլերն անհրաժեշտ են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 17-րդ օրն է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք մարդասիրական օգնությունը: Օգոստոսի 9-ին Կոռնիձոր է հասել նաև Ֆրանսիայի քաղաքների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան, և այժմ հումանիտար աղետը կանխելու համար սահմանի մոտ՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում 22 բեռնատար: