Բազմաթիվ վաստակաշատ մշակութային գորիչներից հետո Արմեն Սմբատյանի խնդրով Նիկոլին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Ընդգծելով, որ իր պարտքն է համարում ընկերոջ համար բարեխոսելն ու համոզմունք արտահայտելով, որ Սմբատյանի շուրջ ընթացող դատաիրավական պրոցեսները ոչ իրավաչափ են՝ Շվիդկոյը, կարելի է ասել, խնդրին տվել է անգամ աշխարհաքաղաքական երանգ՝ գրելով. «Հավատացեք՝ ես առաջնորդվում եմ ոչ միայն Արմեն Սմբատյանի նկատմամբ ընկերական զգացմունքներով։ Հայ գործընկերների հետ իմ բազմամյա աշխատանքի ընթացքում (առաջին անգամ ինձ բախտ է վիճակվել գալ Երևան մոտ կես դար առաջ) ես ներթափանցել եմ Հայաստանի մշակույթի մեջ, զգացել հայ ժողովրդի հզոր և ողբերգական պատմությունը, նրան բաժին հասած ամենածանր փորձությունները հաղթահարելու ունակությունը։ Հասկանում եմ, որ այսօր էլ Հայաստանն ապրում է զարգացման բարդ ժամանակաշրջան, որը պահանջում է հանրության համախմբում և բարեկամների օգնություն…»:
Շվիդկոյի նամակում տեղ գտած շեշտադրումները հուշում են, որ Մոսկվայում Սմբատյանների դեմ ընթացող պրոցեսները սկսել են դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների, իսկ ավելի ճիշտ ՔՊ-ական իշխանության հակառուսական վարքագծի կոնտեքստում: Արդյոք Սմբատյանին թիրախավորելու նպատակը հայ-ռուսական հարաբերությունների թիրախավորումը չէ՞ր: Իհարկե, ցանկացած նորմալ երկրում նման տարբերակը բացառելի կլիներ, բայց հաշվի առնելով այն, թե ինչպիս երկիր է ՔՊ-ական Հայաստանը կամ ասենք ով է Գլխավոր դատախազի պաշտոնում թառածը, միանգամայն հնարավոր է նաև այդ վարկածը: Պետք է արձանագրել, փաստորեն, որ նրանք, ովքեր իրենց առջև դրել էին նման նպատակ, հասան դրան. ՌԴ-ի հետ ամուր կապեր ունեցող Սմբատյանի շուրջ պրոցեսները, փաստորեն, Մոսկվան դիտարկում է՝ հարված հայ-ռուսական խորքային կապերին, և Շվիդկոյի՝ Հայաստանի համար այս բարդ իրավիճակում բարեկամների օգնության անհրաժեշտության մասին ակնարկները բավական խորքային իմաստ ունեն:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս Շվիդկոյի նամակին կարձագանքի 3 մլն վարչապետներից միայն մեկի կառավարման տակ հայտնված Հայաստանը…



