Hetq.am-ը գրում է․
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին պնդումները Արցախի ՊԲ-ի կողմից քաղաքացիական օդանավերի թիրախավորման մասին սուտ են: Կեղծիքը բացահայտելուն օգնում են բաց աղբյուրները:
Հայաստանի եւ Արցախի դեմ տարիներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն վարող Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որին հայկական կողմը վաղուց ծանոթ է: Ամեն անգամ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելուց առաջ պաշտոնական Բաքուն գործի է դնում իր քարոզչամեքենան, որին լծված են ոչ միայն կառավարական հաստատություններն ու գործիչները, այլեւ տեղական մամուլը:
Ըստ այդմ՝ ադրբեջանական կողմն սկսում է հայերին մեղադրել ինչ-որ սադրանքների կամ ագրեսիայի մեջ՝ փորձելով հատկապես դրսի լսարանին ցույց տալ, թե ինքը խաղաղասեր է, եւ իր գործողությունները բացառապես պաշտպանական են: Միանման բովանդակություն ու ձեւ ունեցող սուտ տեղեկությունները տարածվում են մի որոշ ժամանակ, ապա Ադրբեջանը դիմում է ուժի կիրառման՝ ներկայացնելով դա իբր իր կողմից պաշտպանվելու լեգիտիմ իրավունքի կիրառում:
Ընդ որում՝ Ադրբեջանի նման կեղծ լրահոսը նաեւ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, իր այնպիսի հանցավոր արարքները երկրորդ պլան մղելու նպատակ ունի, ինչպիսին են Արցախի շրջափակումը, արցախահայությանը փաստացի սովի մատնելը, խաղաղ բնակիչների սպանություններն ու առեւանգումները, այդկերպ՝ արցախահայության էթնիկ զտումը, կարճ ասած՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունների բացահայտ ոտնահարումը:
Այս ընթացքը շարունակվում է:
ՊԲ-ն «բացարձակ կեղծիք» է անվանել ադրբեջանական պնդումը
Արցախի պաշարման ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսին հանդես է եկել Արցախի պաշտպանության բանակին մեղադրող հերթական հայտարարություններով: Ըստ այդմ՝ հայկական կողմն իբր ապրիլի 13-ին ՊԲ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով ճնշել է ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Gulfstream G280» ինքնաթիռի GPS նավիգացիոն համակարգը Զանգելան-Ֆիզուլի չվերթի ժամանակ՝ 11:54-12:07 միջակայքում, ինչպես նաեւ Ֆիզուլի-Բաքու թռիչքի ժամանակ՝ 13:02-13:17:
Սրանով Բաքուն Արցախին, փաստորեն, մեղադրում է հանցագործության մեջ, սակայն բացի թռիչքների կոնկրետ ժամանակահատված նշելուց՝ չի բերում որեւէ գործնական ապացույց:
ՊԲ-ն սա անվանել է «բացարձակ կեղծիք»: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետեւանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է»,- հուլիսի 15-ին հայտարարել է ՊԲ-ն։ Անդրադառնալով կոնկրետ Զանգելան-Ֆիզուլի եւ Ֆիզուլի-Բաքու թռիչքներին՝ Պաշտպանության բանակը նշել է. «Հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետեւաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո: Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում եւ դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետեւողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի եւ էլեկտրականության մատակարարման հոսքագծերը եւ ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։
Օդանավը շահագործողն «AZAL»-ը չի եղել
Սկսենք նրանից, որ Ադրբեջանի ՊՆ-ի նշած «Gulfstream G280»-ը ոչ թե այդ երկրի ազգային փոխադրող «AZAL»-ի, այլ տեղական մեկ այլ ընկերության՝ «ASG Business Aviation»-ի ինքնաթիռն է: Այս օպերատորը հիմնադրվել է 2007 թ. ադրբեջանական բեռնափոխադրող «Silk Way Airlines»-ի կողմից որպես «SW Business Aviation» (հետագայում անվանափոխվել է), այսինքն՝ բիզնես ավիացիայի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն է:
«Silk Way Airlines»-ի անունը լայն շրջանակներին հատկապես հայտնի դարձավ 2017 թ. Բուլղարիայում հրապարակված մի լրագրողական հետաքննությունից հետո, ըստ որի՝ ադրբեջանական ընկերությունը իր երկրի դիվանագիտական չվերթերի անվան տակ զենք-զինամթերք է տեղափոխել տարբեր պատերազմական գոտիներ՝ ծառայություններ մատուցելով պատվիրատուներին: «Հետքն» իր հերթին 2020 թ. անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին, մասնավորապես, «Silk Way Airlines»-ի ու նրա «դուստր» «Silk Way West Airlines»-ի թռիչքներին դեպի Իսրայել ու Թուրքիա (նաեւ այլ երկրներ), որոնք Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարներն էին պատերազմում: Այդ թռիչքներով ադրբեջանցիներն, ըստ ամենայնի, տեղափոխել են զենք-զինամթերք, ինչը չի հերքել նաեւ պաշտոնական Բաքուն (տես այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ):
«ASG Business Aviation»-ն իր հերթին բիզնես ավիացիայի ծառայություններ է առաջարկում ոչ միայն ցանկացողներին, այլեւ թռիչքներ է կատարում Ադրբեջանի պետական դեմքերի կարիքների համար: Օրինակ՝ այս տարվա մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման նախօրեին հենց «ASG Business Aviation»-ի «Gulfstream G550» ինքնաթիռն է Բաքվից թռել Բրյուսել՝ հավանաբար տեղափոխելով Իլհամ Ալիեւի պատվիրակությանը:
GPS-ով ստացվող տվյալները հասանելի են, ինչն էլ մատնում է Բաքվի սուտը
Հուլիսի 13-ին Զանգելան-Ֆիզուլի-Բաքու չվերթը (չվերթի համարը՝ ESW 280) կատարել է «ASG Business Aviation»-ի «Gulfstream G280» ինքնաթիռը (ադրբեջանական գրանցումը՝ 4K-JJ8): Թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ այդ օրը՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, 4K-JJ8-ը Բաքվից մեկնել է Զանգելան, որտեղ հասել է մոտավորապես կես ժամ անց:
Flightradar24.com-ում տեսանելի է այդ թռիչքի ամբողջ հետագիծը, որը չի հատում Արցախ-Ադրբեջան ներկա շփման գիծը եւ ամենամոտ կետում առաջնագծից հեռու է մոտ 20 կմ (տես ստորեւ): Շեշտենք, որ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի երկնքով չվերթեր գրեթե չեն կատարվում:
Ինչ վերաբերում է հուլիսի 13-ի 11:54-12:07 ժամանակահատվածին, երբ Զանգելանից Ֆիզուլի թռչելիս 4K-JJ8-ի GPS համակարգն իբր ճնշվել է, ապա նախ նկատենք, որ 11:54-ին ինքնաթիռը եղել է գետնի վրա՝ թափավազքի փուլում:
Flightradar24.com-ում երեւում է 11:52-11:58 հատվածում 4K-JJ8-ի թռիչքը՝ օդանավի բարձրության, արագության, թռիչքի ուղղության ու կոորդինատների ցուցանիշներով: Այս տվյալները flightradar24.com-ն իր ընդունիչների ցանցի միջոցով ստանում է օդանավից ADS-B տեխնոլոգիայի միջոցով: Բայց ամբողջ հարցն այն է, որ օդանավն այդ տվյալները ADS-B-ի միջոցով բաց կապուղով հաղորդում է կարգավարներին կամ flightradar24.com-ին միայն այն բանից հետո, երբ դրանք ստանում է իր GPS համակարգի միջոցով:
«Եթե ՌԷՊ-ը խափանում է GPS ազդանշանը, ապա ADS-B-ն չի կարող օդանավի տվյալները ցույց տալ»,- բացատրում է օդաչու Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում օդանավը չպիտի երեւա, մասնավորապես, թռիչքներին առցանց հետեւող այնպիսի կայքերում, ինչպիսիք են flightaradar24.com-ը, flightaware.com-ը եւ այլն, քանի որ բոլորն էլ աշխատում են նույն սկզբունքով:
Այսինքն՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, թե իբր հայկական կողմը հուլիսի 13-ին՝ 11:54-12:07 հատվածում, ճնշել է իրենց քաղաքացիական օդանավի GPS համակարգը, սուտ է, քանի որ, օրինակ, flightradar24.com-ում ինքնաթիռը երեւում է 11:54-11:58-ի միջակայքում:
Նկատենք, որ թռիչքներին առցանց հետեւող կայքերում օդանավերի հետագծերի ընդհատման պատճառները կարող են շատ տարբեր լինել, օրինակ՝ տվյալ հատվածում ընդունիչների բացակայություն կամ աշխատանքի սահմանափակումներ, ժամանակավոր տեխնիկական խնդիրներ եւ այլն:
Ինչ վերաբերում է հուլիսի 13-ին 4K-JJ8-ի իրականացրած Ֆիզուլի-Բաքու չվերթին, որի պարագայում, ըստ ադրբեջանական ՊՆ-ի, հայկական կողմն իրենց ինքնաթիռի GPS համակարգը ճնշել է 13:02-13:17 միջակայքում, ապա flightaradar24.com-ում հասանելի է այս չվերթի մեկնարկից՝ 12:52-ից, մինչեւ 13:04 հատվածը եւ 13:17-13:30 վերջնական հատվածը:
Flightradar24.com-ում օդանավի չերեւալը այդ 13 րոպեների (իրենց ասելով՝ 15 ր) ընթացքում ադրբեջանցիները փաստորեն վերագրում են հայկական կողմի մեղավորությանը: Բայց այդ սուտը շատ հեշտ է մերկացնել, քանի որ թռիչքներին առցանց հետեւող մեկ այլ կայքում՝ flightaware.com-ում, հասանելի է ադրբեջանական օդանավի Ֆիզուլի-Բաքու այդ նույն թռիչքը 12:57-ից մինչեւ վերջ:
Այսպիսով՝ եթե օդանավը ADS-B-ի միջոցով հաղորդում է իր տվյալները, որոնք հանրայնացվում են տարբեր կայքերի միջոցով, ապա նրա GPS համակարգը պատշաճ աշխատում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: