Hetq.am-ը գրում է․
Հայաստանի անտառային հողերի վարձակալության նոր պայմանագրեր են կնքվում։ Վարձակալների ցանկում, ինչպես նախկինում, քիչ չեն ոչ պատահական մարդիկ։
«Հետքը» պարզել է, որ այս տարի անտառային հող է վարձակալել նաև նորահայտ գործարար, նախկին պաշտոնյաներից ոմանց գույքը կասկածելի գործարքներով ձեռք բերած Նարեկ Նալբանդյանի ավագ եղբայրը։ Վարձակալված անտառային հողը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Չարենցավան համայնքի վարչական տարածքում։
Նարեկ Նալբանդյանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո։ Նախ` պետությունն արտոնյալ պայմաններով նրան օտարեց նախկին պաշտոնյայից նվեր ստացած «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա նրա կինը ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։
Նույն վայրում ևս երկու վարձակալ կա։ Նրանք անտառային նշանակության հողում առանց թույլտվության հողային աշխատանքներ են կատարել։ Նրանցից մեկն էլ Հրազդան գետի հունն է նեղացրել՝ փոխելով գետի հունի բնական տեսքը։ Այս ամենի մասին տեղյակ են պատասխանատուները, սակայն քայլեր չեն ձեռնարկում։
Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) և Կարենիս (Գյումուշ) գյուղերը իրարից բաժանվում են Հրազդան գետով՝ գեղատեսիլ կիրճով։ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի առափնյա տարածքներն անտառային նշանակություն ունեն։
Այդ հողատարածքներից 2100 քմ մակերեսով տարածք է վարձակալել «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս տեղեկությունը մենք չենք ստացել Անտառային կոմիտեից, քանի որ Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հրաժարվեց մեզ տրամադրել վարձակալների վերաբերյալ տեղեկությունը՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ վարձակալված տարածքի մակերեսի, վարձակալի անվան, վարձակալության վճարի և նախատեսվող գործունեության ծրագիրն անձնական տվյալ է, և դա տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ վարձակալների թույլտվությունը։ «Հետքը» նախկինում առանց խոչընդոտի վարձակալների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել Անտառային կոմիտեից: Թե ինչու է այժմ Անտառային կոմիտեի նախագահը խուսափում վարձակալների տվյալները հայտնելուց, հետագայում առանձին կանդրադառնանք։
2100 քմ մակերեսով հողամասը վարձակալության տրամադրելու մրցույթը տեղի է ունեցել 2023 թ.-ի մայիսին։ Անտառային կոմիտեի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքում։ Հողամասը վարձակալության է տրվել տարեկան 233 հազար դրամ վճարի դիմաց, 15 տարի ժամկետով։ Վարձակալության նպատակը՝ «հանգստի և զբոսաշրջության կազմակերպում»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։