Տեղեկացա, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվեց իմ անունը որպես Երևանի գալիք ընտրություններին քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի:
Բանտախցում չունեի հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղյուրը, սակայն տեսնելով իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ, ուզում եմ արձագանքել, լրացնելով կուսակիցներիս կարծիքները:
Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստացնելու խոնավ երազանքների հետ:
Շնորհակալ լինելով բոլոր հնարավոր աջակիցներին և անկեղծորեն ինձ այդ գործում պատկերացնողներին` ասեմ նաև, որ ի հիպոթետիկ առաջադրման հարցում իշխանական շահագրգռվածության 3 պատճառ եմ տեսնում:
1. Քաղաքական լրջություն հաղորդել «Ոսկե աշուն» փառատոնի մակարդակից էլ ցածր իջնող, մայրաքաղաքին վերաբերող, բայց գավառական դարձող այդ «իվենթին»:
2. Երևանի ընտրություններով զբաղեցնել հասարակությանը` Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող կախաղանին զուգահեռ:
3. Չեմ բացառում, որ Ավինյանի չսիրող որոշ «բարձրաստիճան» ՔՊ-ականներ կուզեին, որ ես «հարամ անեմ» նրա ֆանտազիաները:
Հ.Գ. Իմ հնարավոր առաջադրման հորինված թեման այնքան է ոգեշնչել լրագրողներից մեիկն, որ նա հիմնավորել է դրա նպատակահարմարությունը, թեպետ, իր իսկ խոստովանությամբ, 2009-ին իմ նշանակումը որպես ԿԳ նախարար նախագահ Սարգսյանի կողմից դիտել է որպես «Կալիգուլայի ձիու սենատի անդամի նշանակում»: Օգտվելով այս զուգահեռից և հիմնավորելու համար կալիգուլայից հետո «ձիերի» ապրած հավաքական էվոլյուցիան անհամեստաբար պիտի նշեմ, որ «Սերժի ձին», անշուշտ, կրթության ոլորտի լավագույն մասնագետը չէր, բայց ծալած ուներ «Կալիգուլայի ձիուն»՝ 3 օտար լեզուների իմացությամբ, հանրակրթական ոսկե մեդալով, բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակով, 2 առաջատար միջազգային բուհերում վերապատրաստումներով: Ուստի տվյալ համեմատությունը համոզիչ չէր: Սակայն եթե սկզբունքային է ինձ հենց ձիերի հետ համեմատելը, կարող եմ հուշել պատմական միֆերով հայտնի երկու ձի` Մակեդոնացու Բուցեֆալին և Եկատերինայի մտերիմին:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
07.08.2023
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել