«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող հեղափոխական իշխանությունները վերջերս կալանքից ազատել են մի քանի «օրենքով գողերի», որպեսզի նրանք Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն:
Քրեական աստիճանակարգով ամենաբարձր տիտղոսն ունեցող «օրենքով գողերի» մեջ, սակայն, ներքին անհասկացվածություն կա այս թեմայով: Երբ 2018 թվականին Հյուսիսային պողոտայում վիճաբանություն էր եղել նրանց մեծ խմբի միջեւ, քրեական աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնողները միմյանց խոստացել են, որ այլեւս քաղաքական որեւէ գործընթացի, որեւէ ընտրության չեն մասնակցի:
Եւ հիմա «գողականների աշխարհում» քննարկումներ են. եթե պետք է կանգնել որեւէ թեկնածուի կողքին, սատարել որեւէ մեկին, նա չի կարող լինել իշխանության թիմից: Ճիշտ կլինի, որպես միակ իսկական երեւանցի տղա, քննարկել Վիկտոր Մնացականյանին սատարելու հարցը, որը ամենաապաքաղաքական թեկնածուն է, որեւէ կուսակցության հետ չի ասոցացվում, միայն մայրաքաղաքի խնդիրներից է խոսում: Բայց դեռ վերջնական որոշման չեն հանգել այդ աշխարհում, թե որն է ճիշտը:
Հավելենք, որ կալանքից ազատված եւ տնային կալանքի ռեժիմում գտնվող «օրենքով գողերից» մեկը Սուրեն Ավետիսյանն է՝ լենինականցի Սուրոն, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանը՝ «օրենքով գող» Զապի քրոջ որդին, եւ էլի 2-3 «օրենքով գողեր», որոնց անունները ճշտվում են»: