ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։ Այս մասին հայտնել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը «կարևորել են երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտությունը և համագործակցության խթանման հեռանկարները»։

«ՊԵԿ նախագահը կարևորել է կողմերի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման ուղղությունները։ Մասնավորապես, նշվել է հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և փոխադարձ հարցումների պատշաճ ու արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ։ Առավել արդյունավետ փոխգործակցելու նպատակով ձեռք է բերվել համաձայնություն՝ աշխատանքներ իրականացնել հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապի ստեղծման ուղղությամբ։

Դեսպանը բարձր է գնահատել դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։

Մասնավորապես դեսպանն ընդգծել է, որ դեսպանությունը գործուն քայլեր կձեռնարկի՝ երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապերի խթանման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել