1Lurer.am-ը գրում է.
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Այս մասին գրել է «Լուրերը»։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի արագ վատթարացմամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության վերաբերյալ իր պարտավորությունները և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտադիր որոշումը, որը հաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։
Արդեն մոտ ութ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տառապում է շրջափակման հետևանքներից՝ գոյատևելով միայն տեղական արտադրության և մարդասիրական հիմնական մատակարարումների հաշվին, մասնավորապես՝ ԿԽՄԿ-ի կողմից։ Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից շրջափակման տարածումը նաև մարդասիրական մատակարարումների վրա հանգեցրել են հիմնական սննդամթերքի, կենսական նշանակության բժշկական ապրանքների և այլ անհրաժեշտ ապրանքների պակասի, իսկ վառելիքի պակասը խաթարել է տեղական արտադրությունը և բաշխումը: ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող բժշկական տարհանումները ևս ընդհատվել են։ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչ բախվում է մարդասիրական ճգնաժամի, որը հրատապ ուշադրություն է պահանջում միջազգային հանրության կողմից։
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի 2023 թվականի հուլիսի 26-ի հայտարարությանը։ Մենք դատապարտում ենք հումանիտար մատակարարումների շարունակական շրջափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը, ինչն է՛լ ավելի է խորացնում առանց այն էլ ծանր իրավիճակը տարածաշրջանում։ Աղդամի միջոցով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը կապված չէ Լաչինի միջանցքի առնչությամբ նրա ստանձնած պարտավորությունների հետ, որոնք պետք է պահպանվեն։
Մարդասիրական օգնության մուտքը տարածաշրջան պետք է թույլատրվի, և մուտքի ցանկացած խոչընդոտ միջազգային հումանիտար իրավունքի խախտում է։ Լրացուցիչ երթուղիների բացումը միայն խրախուսելի է, բայց դա առանձին հարց է, որը պետք է փոխհամաձայնեցվի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում։
Մենք լիովին աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական ջանքերին՝ տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող հակամարտության և ճգնաժամի կայուն ու երկարաժամկետ լուծման որոնման հարցում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին աջակցելու միջոցով։ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ համաձայնել են, ի թիվս այլ հրատապ հարցերի, հեշտացնել մարդասիրական մուտքը տարածաշրջան՝ մարդկային տառապանքները մեղմելու համար: Ցավոք, շարունակվող շրջափակումը հակասում է խաղաղ բանակցությունների նպատակին և այդքան անհրաժեշտ վստահության ամրապնդման ջանքերին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 15-ին Եվրախորհրդարանը կոչ էր արել Խորհրդին, որ «եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին որոշումն անհապաղ չկատարվի, նպատակային պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձանց նկատմամբ:
Մենք նաև հիշեցնում ենք, որ 2023 թվականի հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ԵՄ բարձր ներկայացուցիչը պարտավորվել է խորհրդում բարձրացնել նման պատժամիջոցների սահմանման հարցը։ Մենք կրկնում ենք մեր կոչը Բաքվին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը և հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը՝ հումանիտար աղետը կանխելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ: